«Այն, ինչ տեղի ունեցավ 1992 թվականի ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում, դժվար է նկարագրել նորմալ մարդու համար։ Ընդհանրապես, Արցախյան /Ղարաբաղյան/ շարժման պատմության մեջ հայերի նկատմամբ դաժանության և սադիզմի փաստերով օրինակները բազմաթիվ են։ Մարաղայի իրադարձություններն, այնուամենայնիվ, առանձնանում են՝ իրապես հանդիսանալով 1988-1992 թվականների Հայոց ցեղասպանության ևս մեկ օղակ»: Այս խոսքերի հեղինակը ողբերգությունից գրեթե անմիջապես հետո Մարագա այցելած մարդու՝ Լորդերի պալատի անդամ /նախկին՝ փոխխոսնակ/ բարոնուհի Քերոլայն Քոքսն է
Ապրիլ ամիսը ամեն հայի համար 1915 թվականի Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի հետ զուգորդվող ամիս է։ Իմաստաբանական առումով՝ հայ-թուրք անհամատեղելիության, հակոտնյա ազգեր լինելու մասին շեշտող․ փաստող ամիս։
Միաժամանակ, տարիներ ու տասնամյակներ իր ողբերգականությամբ հանդերձ հենց ապրիլի 24-ն է եղել հայությանը միավորող օր և փաստ։ Օր հիշատակի, աշխարհի հայերին հիշողության կամուրջներով միացնող-մեկտեղող․․․
Ի դեպ, պատահական չէ, որ այսօր ազգը հիշողության կամուրջներով միացնող այդ օրը ևս ներկա իշխանությունը կամենում է դեֆորմացիայի ենթարկել։
Ցավի հիշողությունը, որ վերքի վրա աղ լցնելու հանգույն է, իր իմաստն ունի։ Այն ազգային ինքնագիտակցության հետ սերտորեն կապված է և մոռացության ջրերից հեռու է պահում՝ հայությանը՝ ցավը զուսպ կրելու և պայքարի ոգին ամրապնդելու, միշտ արի լինելու համատեքստում։
Ցավոք, թուրք-ազերիների ցեղասպան քաղաքականության դրվագները ոչ միայն 20-րդ դարում, այլև 21-րդ դարում են շարունակվում։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության ամսաթիվին հետահայաց է մեր անդրադարձը։
1992-ի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը տանկերով, զրահափոխադրիչներով և հետևակի մարտական մեքենաներով վաղ առավոտյան ներխուժեցին ադրբեջանական Միրբաշիր քաղաքի հարևանությամբ գտնվող խաղաղ Մարաղա գյուղ՝ դաժանաբար իրագործելով իրենց հայասպան քաղաքականության ևս մեկ դրվագ։ Այդ օրը Մարաղայում նահատակվեց 45 հոգի։ Պատանդ վերցվեց 49-ը, այդ թվում՝ 9 երեխա, 18 կին, 3 տարեց, որոնցից մեկը՝ կույր։ ազարբայջանական ջարդարարները սեփական պետության կողմից խրախուսվող իրենց սև գործը շարունակեցին մինչև ապրիլի 22-23-ը․․․Այս տվյալները հաստատել են «Helsinki Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Այս տվյալները հաստատել է «Helsinki Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Դիակների արտաշիրիմման ժամանակ բարոնուհի Քոքսի նկարահանած կադրերը, ականատեսների պատմությունները, ովքեր հրաշքով կարողացել են փախչել այս արյունոտ դժոխքից, չէին կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Բայց Մարաղայի իրական ցեղասպանությունը համատարած լռության մատնվեց, մինչդեռ Խոջալույի սուտն ու կեղծիքը ազարբայջան սարքովի պետությունը մատի փաթաթան դարձրեց և մինչ օրս օգտագործում է՝ թոփ թեմա դարձրած՝ միջազղգային մամուլի էջերում։ Տեղեկատվական պատերազմում այն օրերի նման այսօր էլ պարտվում ենք և բնավ էլ ռեսուրսների սղությունը չէ հիմնական պատճառը։ Պատճառը նույնն է, ինչ առաջ էր։ Նրանք նախահարձակ են իրենց ստով, իսկ մենք մեր ճշմարտությամբ ոչ միայն նախահարձակ չենք, այլև հետին թվով պատասխանող չենք, պետականորեն այսօր անպատասխան է թողնվում ազերիների սուտն ու կեղծիքը։ Նաև՝ հայեցակարգային և շարունակական չենք մեր տեղեկատվական-քարոզչական պայքարում։ Իսկ իշխանությունների մասին խոսել անգամ չարժե, քանի որ նրանց վարած քաղաքականությունը՝ վերից վար թրքահաճո է, ադրբեջանահաճո․․․