Ձմեռային սեզոնը դժվար կլինի Ուկրաինայի համար, և Կիևի դաշնակիցները նրան չպետք է առանց աջակցության թողնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը գտնվում է Բեռլինում։
«Ձմեռը դժվար է լինելու, բայց մենք չպետք է հանձնվենք: Մենք պետք է պահպանենք աջակցությունը, շարունակենք առաջ շարժվել, մինչև Ուկրաինան հասնի ազնիվ, տևական խաղաղության, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին», - Բայդենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:
ԱՄՆ նախագահը Գերմանիայի իշխանություններին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու համար։
Բացի այդ, Սպիտակ տան մամուլի միավորման տեղեկատվության համաձայն, Ջո Բայդենը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է համատեղ գործողություններն՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և Մերձավոր Արևելքում իրավիճակն ապաէսկալացնելու համար։
Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի թեմաները քննարկելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
Չորս ղեկավարները պլանավորել էին հոկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպել Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում, սակայն հանդիպումը չեղարկվեց, քանի որ Բայդենն իր ուղևորությունը Եվրոպա հետաձգեց «Միլթոն» փոթորկի պատճառով։