«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ թեզի տարածման նպատակով, հերթական միջոցառմանը:
«Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում:
Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում, այսպես ասած՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի խոսնակի՝ «արևմտյան ադրբեջանցիներն», ովքեր «բռնի ուժով հեռացվել են իրենց պապենական հողերից, այսօր ապրում են հայրենիքի կարոտով և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ իրավունք ունեն հետ վերադառնալու»:
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզն ադրբեջանական իշխանությունների կողմից առավել ակտիվ սկսեց շահարկվել Արցախյան վերջին պատերազմից հետո։
Տարակուսելի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը, ով զրույցի ընթացքում կարևորել է «վերադարձի իրավունքի իրագործման կարևորության մասին՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք, առհասարակ չի հիշել Ադրբեջանի տարածքում հայերի կոտորածների և Արցախից տեղաբնիկ հայերի բռնի տեղահանության մասին»,- նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը, «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի առաջքաշումը և հորդորում միջազգային գործընկերներին զերծ մնալ ալիևյան ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությանն այս կամ այն կերպ նպաստելուց: