00:00:00

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակը գերակա մասնագիտությունների գծով 5,000 դրամից կբարձրանա մինչև 50 հազար դրամ. նախարար

19:46, 11 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Գորիսի պետական քոլեջի   հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանն առանձնակի կարևորություն է տրված:

«Այս ոլորտը մեծ նշանակություն ունի պետության ու տնտեսության համար և վստահ եմ, որ ՄԿՈՒ հաստատությունները երկրի զարգացմանը նպաստելու ավելի մեծ ներուժ ունեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը զարգացման նոր հեռանկար է ապահովում:

«Քոլեջները հնարավորություն են ստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, գործատուների հետ ակտիվ աշխատելու, ինչպես նաև դուալ կրթության ծրագրեր իրականացնելու, որով կկազմակերպվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջից մեկնարկելու է ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորման գործընթացը՝ մի քանի մասնագիտական կրթական ծրագրերով: Հաջորդաբար արդեն ատեստավորում կիրականացվի կրթական բոլոր ծրագրերով՝ դասախոսներին ընձեռելով վարձատրության բարձրացման հնարավորություն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը՝ գերակա մասնագիտությունների գծով 5000 դրամից մինչև 50 հազար դրամի բարձրացմամբ:

«Կրթաթոշակային քաղաքականությունը վերանայվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական: Այս տարի արդեն գրեթե բոլոր քոլեջներն ընդունելության շատ բարձր ցուցանիշներ են գրանցել: Աճը նկատելի է հատկապես պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ: Մարզերում փոխհատուցվում են նաև բնակավայրից հեռու գտնվող հաստատություններում սովորողների և դասավանդողների տրանսպորտային ծախսերը, որը մեծապես հեշտացրել է ուսանողների ուսումնառությունն ու դասախոսների աշխատանքը»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Գորիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև համայնքային պատկերասրահ, որտեղ բացվել է «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսը։ Նախարարը շրջել է պատկերասրահում, ծանոթացել ցուցադրության շրջանակում ներկայացված արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուի նմուշներին, որոնց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են և կարևոր 

տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Գուրոսի սևանկարներից ընտրված ավելի քան 100 լուսանկարները բացառիկ գիտաճանաչողական արժեք ունեն: Հավաքածուում ընդգրկված պատկերները ներկայացնում են Գորիսի տարածաշրջանի քաղաքակրթական զարգացումը՝ քարանձավային բնակավայրից դեպի քարաշեն, երկհարկանի առանձնատներով գեղատեսիլ բնակավայր: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր