00:00:00

Միհրան Պողոսյանը «սև ցուցակում» է հայտնվել, վարկերը ժամանակին չի մարել․ դատախազ

22:15, 07 հոկտեմբեր 2024 Իրավական

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր Միհրան Պողոսյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելուն, և դրա արդյունքում 5 մլն դրամ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությանը՝ «Կոնցեռն Դիալոգ»-ին որպես կանխավճար տրամադրելուն։

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանվում է, որ անձի գույքի նկատմամբ նախնական ապահովում կիրառելու պարագայում վերջինս կարող է միջնորդություն ներկայացնել այդ նախնական ապահովման միջոցի վերացման համար, եթե հիմնավորվում է, որ, ի թիվս այլնի, դա անհրաժեշտ է փաստաբանի ծախսերը հոգալու համար։

 
 
 

Արամ Օրբելյան

Նրա խոսքով՝ միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստերից հետևում է, որ այս գործի շրջանակներում փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով նախատեսվում է գործով պատասխանող Միհրան Պողոսյանի փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում, որով նշվելու է նաև կանխավճարի չափը․ նախնական պայմանավորվածությամբ այն նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ։

Հավելեց, որ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ այս պահին առկա չլինելը պայմանավորված է այն հանգամանքներով, որ իրենց հայտնի չէ՝ դատարանը միջնորդության լուծման արդյունքում ինչ չափի միջոցներ կհանի արգելանքից, իսկ այդ հարցի լուծումը կարող է պայմանավորել նախատեսվող կանխավճարի հստակ չափի որոշումը։

Արամ Օրբելյանը միջնորդության վերաբերյալ ասաց․ «Խնդրում ենք 5 մլն դրամի չափով հենց «Կոնցեռն դիալոգ»-ին վճարվելիք գումարի չափով դրամական միջոցներից որև մեկից կամ բոլորից, դատարանն ինչպես նպատակահարմար կգտնի, վերացնել արգելանքը, ընդ որում գումարը հենց ընկերությանը վճարելու տեսակետից։ Գումարն, ըստ էության, փաստաբանական ծառայության համար է, որից նվազեցվելու է մեր կատարած գործողությունները, ու փորձը ցույց է տալիս, որ 5 միլիոնից հաստատ անցնելու է, հետագայում արդեն կքննարկենք ավել գումար ազատելու կամ չազատելու հնարավորությունը»։

Նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանի հարցին, թե կանխավճարի չափի՝ 5 մլն դրամի մեջ ինչն է ներառվում, հատկապես այն դեպքում, երբ կնքված պայմանագիր չկա, չի նշվել՝ ինչ ծախսերի մասին է խոսքը, Օրբելյանը պատասխանեց՝ պայմանագիր կա, ճիշտ է, այն դեռևս ստորագրված չէ, բայց կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել: Նա նշեց նաև, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ պայամանգիրը կարող է կնքվել 2 ամսվա ընթացքում։

«Կանխավճարը սպառվում է կատարված աշխատանքի շրջանակներում, հիմքում դրվում է կանխավճարի կոնցեպտը, որը նաև ընդունված է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված մեխանիզմով, այսինքն՝ կարող է լինել ֆիքսված գումարը, կարող են լինել ժամավճարային մոդելներ։ Հաշվի առնելով գործի ծավալը, մեծությունը, մենք նախատեսել ենք 5 միլիոնը, ակնհայտ է՝ վերջնական թիվը շատ ավելի մեծ է լինելու․ խոսքը բացառապես այս գործով ներկայացուցչության իրականացման մասին է»,-ասաց փաստաբանը։

Դատավորը կրկին հարցրեց, թե կանխավճարի համար տրամադրվելիք գումարն ինչի համար է, Օրբելյանը ասաց՝ շատ երկրներում են փաստաբաններն աշխատում կանխավճարի տրամադրման եղանակով, այն տրվում է ոչ թե կատարված, այլ կատարվելիք աշխատանքի համար, և այս գործով պետք է գնահատման առարկա դառնա այն՝ այս գործով ներկայացուցչությունը 5 միլիոն դրամ կարող է կազմել, թե ոչ։

Տիգրան Ենոքյան

Պատասխանելով դատավորի հարցին՝ փաստաբանը հայտնեց, որ անհրաժեշտ է դատական նիստերին ներկայացուցիչների ներկայությունը, գործի նյութերի ծանոթացումը, դրա արդյունքում դիրքորոշումների ներկայացումը, ապացույցների ձեռքբերումը, ապացույցների ամրագրումը, ապացույցների հետազոտման գործընթացին մասնակցությունը․ «Որպես կանոն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով մեկ ժամվա համար մեր միջին արժեքը 90 հազար դրամ է, գումարած ավելացված արժեքի հարկն է լինում, որը ցածր է այլ գործերով մեկ ժամի միջին արժեքից, որովհետև ծավալը մեծ է և բավականին շատ աշխատանք է տարվում»։

Դատավորի հարցին, թե երբ 5 միլիոն դրամի կանխավճարը լրանա, նոր միջնորդությո՞ւն է ներկայացվելու, Օրբելյանն ասաց՝ այո, և այդ ժամանակ նշվելու է, թե 5 մլն դրամն ինչպես է սպառվել և ինչ աշխատանքների կատարման արդյունքում։

Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի ձևակերպմամբ օրենսդիրը անդրադարձ է կատարում փաստաբանական ծառայությունների ծախսերը հոգալուն, հարցրեց՝ դրանով օրենսդիրը նկատի ունի փաստաբանի կողմից բոլոր ծախսերի կատարմա՞նը, թե՞ ինչ-որ ողջամիտ գումարի մասին է խոսքը, Արամ Օրբելյանը պատասխանեց՝ ցանկացած փաստաբանական ծախս ենթակա է փոխհատուցման․ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները փոխհատուցման վերաբերյալ են, և, ուղղակիորեն, չեն թղթակցում այս հոդվածի հետ, այն պարտվող կողմից գումարի բռնագանձումն է ի օգուտ հաղթող կողմի՝ որպես փաստաբանական ծախս, ու այդ ժամանակ օրենսդիրը գործել է այն տրամաբանությամբ, որ պետք է ողջամիտ լինի, եթե փաստաբանական ծառայությամբ պայմանավորված ես ավելի շատ վճարել, դա քո խնդիրն ա, բայց քեզ կփոխանցեն այն գումարը, որն օրենսդիրը ենթադրում է»։

Պատասխանող կողմը միջնորդությամբ նշել էր, որ մյուս գործերի համեմատությամբ՝ 5 միլիոն դրամը փոքր թիվ է, ինչի վերաբերյալ դատախազը հարցրեց՝ որ համեմատությունն է հիմք հանդիսացել այդ գումարը փոքր չափ համարելու համար, Արամ Օրբելյանը պատասխանեց՝ ապօրինի գույքի բռնագանձման մեկ այլ գործերով կանխավճարը 50 միլիոն դրամ է եղել․ «Մեր փորձառությունից ելնելով՝ 5 միլիոն դրամն ամբողջ գործի ծավալին չի հերիքելու։ Կանխավճար լինելու գաղափարը հենց այն է, որ եթե մենք գործը շարունակում ենք ու ավարտին ենք հասցնում, այդպես ավելի մեծ գումարի մասին է խոսքը, քանի որ եթե 5 միլիոնն ուղղակի բաժանեմ 90 հազարի, 46,2 ժամ է գալիս՝ հաշված ավելացված արժեքը»։

Դատախազն առարկեց միջնորդության դեմ, ասաց՝ օրենքով սահմանված կարգով ՀՀ-ի անունից հայցադիմում է ներկայացվել դատարան այլ ակնկալիքով և դատաքննությունների ընթացքում միջնորդությունների ներկայացմամբ կարող է սպառվել այդ 6 միլիարդ դրամը՝ որպես փաստաբաններին վճարվող ծախս․ «Ես կարծում եմ՝ օրենքը չի նախատեսել, որ պետք է այս փաստաբանական ծախսերը նման չափով ներկայացվեն դատարանին, և դա համարվի ողջամիտ չափ։ Նաև նշեմ, որ որպես կանխավճար տրամադրվող 5 միլիոնին վերաբերող ապացույցներ դատարանին չեն ներկայացվել, մենք մեր հայցի առարկայում նշելով շուրջ 6 միլիարդ 500 միլիոն դրամ, նկատի ենք ունեցել, որ Միհրան Պողոսյանը 2006-2021 թվականների ընթացքում այդ գումարներն այլ անձանց է օտարել կամ դա չի նույնականացվել, և 460 մլն դրամը, որը որպես դրամական միջոցի մնացորդ է, բայց ոչ բանկային հաշիվներին, այսինքն՝ ուսումնասիրութամբ պարզվել է, որ բանկային հաշիվներում չենք տեսել դրամական այնպիսի շարժ, որի վրա կարող է նաև արգելանք լինել, միգուցե փոքր գումար լինի, բայց դա 5 միլիոն և ավել գումար չէ։ Ինքնանպատակ է հաշիվներից արգելանքը հանել՝ կանխավճարի չափով վճարում կատարելու նպատակով»։

Տիգրան Ենոքյանը նաև նշեց, որ պարզվել է՝ Միհրան Պողոսյանին պատկանող անշարժ գույքերի մի մասը գրավադրված են, վարկերը ժամանակին չեն մարվել և նույնիսկ գրություն կա, որ Պողոսյանը «սև ցուցակում» է հայտնվել։ Նրա խոսքով՝ այս պարագայում  հայցվոր կողմը նպատակ ունի նաև գումարային պահանջի մասով 6 միլիարդ 500 միլիոնը տարածել Միհրան Պողոսյանին պատկանող այլ օրինական գույքերի վրա, և արգելանքի դուրս բերումը կարող է խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի հայցվորի պահանջն այս մասով բավարարվի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ փաստաբան Արամ Օրբելյանը հայցի հիմքի պարզման համար մի քանի հարցեր ուղղեց հայցվոր կողմին, իսկ այս միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կողմերին կուղարկվի հոկտեմբերի 21-ին։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր