00:00:00

Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում

23:38, 30 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ ելույթում անդրադարձել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Ադրբեջանի կողմից գործընթացի ձգձգմանը։ Ելույթում, մասնավորապես, նշված է․

«Մեծարգո՛ նախագահող,

Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմները Ուկրաինայում, Գազայում և այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել:

Այսօր, սակայն, ես ուզում եմ կիսվել ավելի դրական հեռանկարով, թե ինչի կարող ենք հասնել՝ գործելով համարձակ և միասնական: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար։

Մեկ ամիս առաջ երկու երկրները ստորագրեցին պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը երկու պետությունների միջև առաջին իրավական երկկողմ փաստաթուղթն է։

Ավելին, փաստաթղթում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են որպես սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք սահմանել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը։ Սա նշանակում է, որ երկու երկրները դե յուրե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող սահմաններով։ Իսկ դա նշանակում է, որ երկու երկրները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։

Այժմ հաջորդ քայլը ի վերջո Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Փոխարենը Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչը հիմնավորապես սխալ է։

Բացի այդ, կան երկու վճռական փաստարկներ, որոնք անտեղի են դարձնում Ադրբեջանի պնդումը։ Նախ՝ համաձայնագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթը, որ «Կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագիրը չկատարելու համար»: Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, այն է՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված փաստաթուղթը համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը: Հետևաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չպետք է լինեն։

Հարգելի՛ գործընկերներ,

Տասնամյակների թշնամությունից հետո խաղաղության գնալը չափազանց բարդ է։ Հայաստանը պատրաստ է խաղաղության: Որպես միջազգային հանրություն, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, մենք պետք է վստահ լինենք, որ մենք անում ենք ամենը մեր հնարավորությունների, բայց նաև պարտականությունների շրջանակում, այն է՝ «օգնել» Ադրբեջանին հաղթահարել քաղաքական կամքի բացակայությունը և ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի ժողովուրդներին ապրել խաղաղ, արժանապատիվ, կայուն և բարգավաճ։

Իմ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև դրանից դուրս ներուժի իրացմանը, Արևելքը Արևմուտքին միացնելուն և Միջին միջանցքի ամրապնդմանը։ Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Խաղաղությունն է լեզուն, որը հասկանալի է բոլորին: Հետևաբար, թող յուրաքանչյուր ղեկավարի և յուրաքանչյուր որոշում կայացնողի աշխարհընկալումը լինի Խաղաղությունը: Շնորհակալություն»:

Ելույթի տեքստը հրապարակվելու է ԵԽԽՎ կայքում, քանի որ նախագահողը ընդհատել է գրանցվածների ցանկը նիստի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր