«Երևանյան երկխոսություն» ֆորումում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 10-ի ելույթը թե՛ խաղաղ համաձայնագրի նախագծի, թե՛ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ «իրականության ակնհայտ խեղաթյուրումներ է պարունակում», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հայ պաշտոնատար անձանց՝ խաղաղ համաձայնագրի նախագիծ ստորագրելու կոչերը՝ չհամաձայնեցված դրույթների բացառմամբ և առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերով, անընդունելի են։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների դադարեցումն է, որոնք արձանագրված են. այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, դրանց թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակի հղում է անում Հայաստանի անկախության ակտին և կոչ է անում միավորվել Լեռնային Ղարաբաղին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, Հայաստանի Սահմանադրության և Ադրբեջանի Սահմանադրության միջև զուգահեռներ և հավասարություն ստեղծելու փորձերն արդյունքի չեն հանգեցնի։ Ադրբեջանի Սահմանադրությունը, ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, 1991 թվականի պետական անկախության ակտերում և 1918 թվականի անկախության հռչակագրում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
Հայկական կողմը միաժամանակ անհիմն կերպով պնդում է, թե այն դրույթը, որ կողմերից ոչ մեկը խաղաղ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրությունը, չի ազդում այդ երկրի Սահմանադրությամբ պարունակվող տարածքային պահանջների վրա։ Անհրաժեշտ է հիշել, որ ոչ մի միջազգային համաձայնագիր չի կարող գերակա լինել Սահմանադրությանը, ինչը համընդհանուր ճանաչված փաստ է։
Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին վարչապետի հայտարարությանը, պետք է հիշել, որ իր ներկայացրած երկիրը կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը՝ օկուպացված պահելով ադրբեջանական տարածքները։
Հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի վարչապետը կրկին սխալ է մեկնաբանել իր պարտավորությունները: Եռակողմ հայտարարության 9-րդ կետը հստակ մատնանշում է Հայաստանի պարտավորությունները և տրանսպորտային կապերի վերահսկման կարգը»,-հայտարարել է Հաջիզադեն։
Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը շարունակում է պնդել, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումներ չի իրականացրել՝ այս հանրահայտի փաստը «հերթական զրպարտություն» որակելով։