00:00:00

Ներկայացված աննախադեպ ապօրինությունների, առնվազն, գործուն դադարեցումը, կարծում ենք, ի վերջո, մեր երկրում կվերացնի «թղթերով ամեն ինչ կարգին է» բանաձևի կիրառումը. բաց նամակ

14:37, 05 սեպտեմբեր 2024 Իրավական

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ,

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՏԻԿԻՆ Ա.ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ,

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ Ա.ԱԲԱԶՅԱՆԻՆ,

ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ


Պետական գույքի օգտագործմամբ՝ մոտ 400 միլիոն ՀՀ դրամ արժեքով ոռոգման ջրի վատնման(առերևույթ հափշտակության) միջոցով, կրկնակի եկամուտները ապահովող «բիզնեսի»՝ «ԹՂԹԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ Է»… ԴԱՍԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԲԱՆԱՁԵՎՈՎ նորօրյա հովանավորչության մասին։  

Հայաստանի Հանրապետությունում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների առումով, մասնավորապես՝ պատվարները, ջրանցքները, հիդրոտեխնիկական թունելները և դյուկերները, սեփականության իրավունքով կարող են տնօրինվել բացառապես պետության կողմից (ՀՕ-373-Ն, հ.4)։ Պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն նաև ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողերը (ՀՕ-373-Ն, հ.4, ՀՀ հողային օրենսգիրք, հ.60, 11-րդ կետ)։ Օրենքի նշյալ սահմանափակումների նպատակը՝ ջրային օբյեկտների պիտանելիության և ջրի ազգային պաշարի դրական հաշվեկշռի ապահովումն է։ Քանի որ ոռոգման բաց ջրային համակարգերում ոռոգման ջրի տեղափոխման կորուստները անխուսափելի են, դրանք նորմավորվում են օրենքով (ՀՕ-373-Ն, հ.10) և փոխհատուցվում պետության կողմից՝ ոռոգման ջուրը հնարավոր ցածր սակագներով ջրօգտագործողներին հասանելի դարձնելու նպատակով (ՀՀ-ում ոռոգման ջրանցքներում կորուստները կազմում են տեղափոխվող ջրի միջինում 50%-ը)։ Պետության բացառիկ սեփականության՝ ջրային ռեսուրսների բանական և նպատակային օգտագործումը վերահսկելու նպատակով՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, ջրային համակարգերի օգտագործման ցանկացած իրավունք տրվում է այդ համակարգերը բացառապես նպատակային(ոռոգման) նշանակությամբ շահագործելու իմպերատիվ պահանջով (հավատարմագրային կառավարման հանձնելու, միջոցով, կոնցեսիայի պայմանագրով, առևտրային կազմակերպության ստեղծումով, գույքի անհատույց օգտագործման պայմանագրով, վարձակալությամբ, ՀՕ-373-Ն, հ.49) Սակայն. Շուրջ 15 տարի է, ինչ՝ ի աջակցություն ՀՀ պատասխանատու պաշտոնատար այրերի, և առնվազն ի իմացություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության, Ախուրյան գետի պետական նշանակության Աջափնյա ջրանցքի մոտ 5.5 կմ երկարությամբ հատվածը(տեքստում՝ նաև Ջրանցք)՝ մասնավոր ընկերության կողմից, զավթվել, վերակառուցվել է ու նպատակային նշանակության փոփոխմամբ, շուրջտարյա ռեժիմով օգտագործվում է էներգետիկ նպատակով՝ որպես Շիրակի մարզի «Անի» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող «Ջրաձոր» ՀԷԿ-ի ջրամատակարարման համակարգ(տեքստում՝ Ընկերություն,ՀԷԿ)։ ՀՀ ջրային, հողային, քաղաքացիական, քաղաքաշինական իրավակարգավորումներով սահմանված արգելանքների ոտնահարմամբ կառուցված և շահագործվող ապօրինի ՀԷԿ-ի ջրօգտագործման և արտադրության իրավունքները(լիցենզիան) 2024թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին երկարաձգվել են ևս 15 տարով՝ անտեսելով, չավարտված, քրեական և վարչական վարույթները։ Սա նշանակում է, որ «Թղթերով ամեն ինչ կարգին է» Բանաձևը՝ որպես դասական, ժամանակի մեջ չի փոփոխվում։ Սույն դեպքում չի փոփոխվել նաև Բանաձևի «գինը». Այն է՝ տարեկան միջինում 350-400 միլիոն ՀՀ դրամ տնտեսական արժեքով ոռոգման ջրի առերևույթ հափշտակության(վատնման) և պետական նշանակության ջրային համակարգերի հյուծման ճանապարհով՝ ՀԷԿ-ի կողմից արտադրված հոսանքի վաճառքից ստացվող 800-900 մլն ՀՀ դրամի հասույթի ապահովում։

Աջափնյա ջրանցքի գլխամասը(պատվարը), որի ֆունկցիոնալ նշանակությունը՝ ըստ ոռոգման պահանջարկի, Ախուրյան գետի ջրահոսքը Շիրակի և Աջափնյա ջրանցքների միջև բաշխելն է, նշված «վերակառուցման» շրջանակներում Շիրակ ՋՕԸ-ի «բարեհաճությամբ» թալանվել է՝ հիմնական ջրաբաշխիչ մեխանիզմները անհետացել են և գետի ջուրը՝ այդ թվում Շիրակի ջրանցքով ոռոգման համար նախատեսված ջրաքանակը մեխանիկորեն տեղափոխվում է նախ Աջափնյա ջրանցքի 5.5 կմ երկարությամբ հատվածով (տեքստում Ջրանցք) սնուցելով ՀԷԿ-ը, և ապա նոր՝ գետով տեղափոխվում դեպի Շիրակի ջրանցք։ Իսկ ոչ ոռոգման ամիսներին՝ նպատակային նշանակությունը փոփոխված պատվարով, գետի ամբողջ օգտագործելի ջրահոսքը Ջրանցքով տեղափոխվում է ՀԷԿ, ապա վերադարձվում գետ։ Փաստացի, Հայաստանի Հանրապետության կողմից սեփականության իրավունքով տնօրինվող ավելի քան 5-6 միլիարդ ՀՀ դրամ գումարային ներդրումային արժեքը ունեցող՝ պատվարը, ջրանցքի սկզբնամասի թունելը (3կմ), դյուկերը(1.2 կմ) և բետոնյա բաց ջրանցքը (1.2 կմ), որոնք կազմում են այդ ՀԷԿ-ի ընդհանուր կառուցվածքի ավելի քան 85%-ը, հիմնականում շահագործվում են էներգետիկ նշանակությամբ՝ այդ նպատակով տարեկան տեղափոխելով ավելի քան 105 միլիոն խորանարդ մետր ջուր (շուրջտարյա ռեժիմով)։ ՀԷԿ-ի սնուցման նպատակով օգտագործվող Ջրանցքի այդ հատվածում ջրի ծավալային կորուստը կազմում է տեղափոխվող ջրի 15%-ը, ինչն արձանագրվել է Ջրանցքն անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող Շիրակ ՋՕԸ-ի ղեկավարի կողմից 2011թ-ին տրված պաշտոնական տեղեկանքում (ջրի մեկ խորանարդ մետրի տնտեսական արժեքը 23 ՀՀ դրամ է)։

Շիրակի հյուսիսային սահմանամերձ բնակավայրերը ոռոգման ջրով ապահովելու նպատակով պետության կողմից կառուցված բարձրարժեք ջրային համակարգերը՝ սկսած 2009թ-ից, «Բանաձևով» արդարացվող «բիզնես-նորույթի» համաձայն՝ ջրային համակարգերի ոչնչացման գնով, հիմնականում օգտագործվում են ՀԷԿ-ի շահագործմամբ տարեկան 800-900 մլն ՀՀ դրամ հասույթ ստանալու նպատակով՝ դրա հետևանքով մեկ տարվա ընթացքում վատնելով առնվազն 15 միլիոն խորանարդ մետր՝ 350-400 մլն ՀՀ դրամ տնտեսական արժեքով ոռոգման ջուր։ Այն դեպքում, երբ ոռոգման պահանջարկին համապատասխան, Ջրանցքով տարեկան (ոռոգման սեզոնին) տեղափոխվում է ընդամենը 20 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջուր։ Ակնհայտ է, որ ՀԷԿ-ը սնուցելու պատճառով Ջրանցքի այդ հատվածում կորսված ոռոգման ջրի ծավալները գերազանցում են կորուստների նորմավորված չափը մոտ 5 անգամ, քանի որ մոտ 105 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր Ջրանցքով տեղափոխվում է ՀԷԿ-ի սնուցման համար, իսկ 20 մլն խորանարդ մետր՝ ոռոգման նպատակներով (ջրակորուստները ուղիղ համեմատական են տեղափոխվող ջրի ծավալներին)։ Արդեն նշել ենք, որ ՀՀ օրենքով սպառման՝ վատնման եղանակով ջրօգտագործմամբ ՀԷԿ-ի շահագործումը արգելվում է, ուստի և, վերը ներկայացված «բիզնես-նորույթի» գործարկման հետևանքով ջրակորուստների հաշվառման, հաշվեկշռման և փոխհատուցման իրավակարգավորումներ ՀՀ–ում գոյություն ունենալ չեն կարող։

Ենթադրաբար, այդ հսկայածավալ ջրակորուստները հավելագրվել են և շարունակում են հավելագրվել ոռոգման ջրօգտագործող սուբյեկտների ջրածախսերին և փոխհատուցվում են պետության կողմից՝ իբրև ոռոգման անխուսափելի նպատակային ջրակորուստներ։ Այն դեպքում, երբ Ջրանցքով սպասարկվող բնակավայրերի ոռոգման ջրօգտագործողները հաճախ ճանապարհները փակում են իրենց համար անհրաժեշտ՝ ընդամենը 3-4 մլն խորանարդ մետր ոռոգման ջուրը ստանալու համար… «Թղթերով ամեն ինչ կարգին է» բանաձևով, որպես փաստաթուղթ ներկայացնող «թղթերի» մասին ՀՀ օրենքով, Հէկ-երի միջոցով էլէներգիայի արտադրության կազմակերպման հիմնարար՝ ջրօգտագործման, կառուցապատման և լիցենզավորման իրավունքների ծագման կարևորագույն նախապայմանը՝ գործունեությունների իրականացման նպատակով օգտագործվող կամ կառուցվող հիմնական միջոցների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ՝ ձեռնարկողի անվամբ, պետական գրանցում ստացած իրավունքների առկայությունն է։ ՀԷԿ-ի կառուցվածքի ավելի քան 85%-ը կազմող վերակառուցված Ջրանցքի և պատվարի զբաղեցրած հողատարածքների նկատմամբ լիազոր մարմինների կողմից Ընկերությանը իրավունք հավաստող փաստաթղթեր չեն տրվել, նշանակում է՝ լիազոր մարմիններում՝ «Թղթերով ամեն ինչ կարգին է»։

Բայց դա ամենևին չի խանգարել Ընկերությանը Ջրանցքի բետոնյա հատվածի վրա մոտ 200 քմ մակերեսով բետոնյա պարզարան կառուցելու, նույն տեղում ջրաբաշխիչ մեխանիզմներ մոնտաժելու և այլ օժանդակ հարմարանքներ ստեղծելու գործում։ Բնականաբար, բոլոր ապօրինություններն իրականացվել են իրավասու մարմինների լուռ աջակցությամբ և համաձայնությամբ։ Ի դեմս Հայաստանի Հանրապետության, Ջրանցքի սեփականատերը Ջրային կոմիտեն է։ 2019թ-ին, Կոմիտեի ղեկավարը, ի պատասխան մեր հարցմանը, պաշտոնապես տեղեկացրել՝ հաստատել է, որ 2002-2017թթ-ին Ջրային կոմիտեն «Անի» ԲԲ ընկերության հետ իրավահարաբերություններ չի ունեցել։ Գույքային իրավունքների բացակայությամբ, Ընկերությունը ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի իմաստով «կառուցապատողի»՝ ըստ այդմ էլ, նախագիծ պատվիրելու և այն հաստատելու իրավասություններ ունենալ չէր կարող և չի ունեցել։ Փոխարենը, Ընկերության տնօրենը օգտագործել է իր տրամադրության տակ հայտնված Ջրանցքի վերակառուցմանը վերաբերող 1992-94թթ-ին այլ կազմակերպության կողմից պատվիրված՝ օրենքի պահանջների հետ հակասություններ ունենալու պատճառով չհաստատված և չիրականացված օտարալեզու (ռուսերեն) բանվորական «նախագիծը»։ Ջրային կոմիտեի պատասխանատուների և մի շարք իրավասու մարմինների ներկայացուցիչների փոխարեն, որպես Աջափնյա ջրանցքի 5.5 կմ երկարությամբ հատվածի լիիրավ «սեփականատեր», Ընկերության տնօրենը ինքնակամ հաստատել է այդ նախագիծը և, հաջորդաբար, ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներին։ Վերոնշյալ հանձնաժողովները, գիտակցումով, որ ոռոգման ջրային համակարգերի վերակառուցման (գույքային) և այլ նպատակներով օգտագործման իրավասություններ օրենքով Ընկերությանը տրվել չէին կարող և փաստացի դրանք չեն տրվել ու իրենց չի ներկայացվել՝ այդ «թղթերի փաթեթը» դիտարկել են որպես իրավաչափ նախագիծ և դրա հիման վրա Ընկերությանը նշյալ մարմինների կողմից, համապատասխանաբար, տրվել են դրական փորձաքննական եզրակացություններ՝ ՀԷԿ-ը ոչ ոռոգման սեզոնին շահագործելու պայմանով (2004,2006թթ), և կառուցման(2005թ) ու արտադրության (2009թ) լիցենզիաներ։

Ընկերությունը՝ վերոնշյալ «իրավունքներով», բայց առանց ջրօգտագործման թույլտվության, «բիզնես-նորույթը» գործարկվել 2009թ-ից՝ շուրջտարյա ռեժիմով։ Շուրջ երկու տարի առանց ջրօգտագործման իրավունքի ՀԷԿ-ը շահագործելուց հետո՝ 2011թ-ին, Ընկերությանը տրվել է արտոնյալ ջրօգտագործման թույլտվություն՝ Ախուրյան գետի այդ հատվածում առկա ամբողջ ջրահոսքը օգտագործելու և ՀԷԿ-ը 365 օր/24 ժամ շահագործելու պայմաններով։ Անտեսելով նաև այն հանգամանքը, որ նշյալ նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը տրվել էր ՀԷԿ-ը միայն՝ ոչ ոռոգման շրջանում շահագործելու պայմանով։ Ընկերության ՀԷԿ-ի միջոցով արտադրված էլէներգիայի վաճառքի սակագնի բարձրացման և պետական նշանակության ջրային համակարգերի ապօրինի օգտագործումը «թղթերով ամեն ինչ կարգին» դարձնելու նպատակներով, 2017թ-ի փետրվարին Ընկերության տնօրենը դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ընկերությանը օտարել ՀԷԿ-ը սնուցող ինչ որ անանուն ջրային համակարգ։ 2017թ-ի մարտ ամսին պետական կադաստրում՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն իրավունքի պետական գրանցում են ստացել մինչ այդ գոյություն չունեցող և անհայտ՝ «Ամասիայի» և «Ջրաձորի» ջրանցքներ ու «թունել» գույքերը։ ՀՀ կառավարության 2017թ-ի ապրիլի 13-ի № 372-Ա որոշմամբ՝ Ընկերությանը վաճառքի ձևով օտարվում են՝ այդ նորահայտ թունելը և ջրանցքները։ Նշյալ գույքերի և դրանցով զբաղված հողատարածքների նկատմամբ 2017թ-ի մայիսին կադաստրի կոմիտեում արդեն գրանցվում է Ընկերության սեփականության իրավունքները (չմանրամասնելու նպատակով անդրադառնում ենք միայն գույքային իրավունքների տրման ապօրինություններին)։

Հաշված օրեր անց, «Ամասիա», «Ջրաձոր» ջրանցքներ և թունել գույքերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը հաստատող վկայականների հիման վրա՝ ընդունման-հանձման ակտով, Ջրային կոմիտեի հանձնաժողովը Ընկերությանն է հանձնում Աջափնյա ջրանցք մայրուղային գույքային միավորի 5.475 կմ երկարությամբ հատվածը։ Այն դեպքում, որ Աջափնյա ջրանցքը Շիրակ ՋՕԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու գույքացանկում նման հատուկ անվանումներով գույքային միավորներ, և մասնավորապես «Ամասիա», «Ջրաձոր» անվանումներով ջրանցքներ, թունել անվանումով գույքեր գոյություն չունեն։ Աջափնյա ջրանցք գույքային միավորի գույքացանկում թունելը և բետոնյա ջրանցքն ամբողջությամբ հաշվառված է «ջրանցք» ընդհանրական անվանումով։ 2021թ-ին, Կադաստրի կոմիտեն պատասխանելով մեր հարցմանը՝ պաշտոնապես տեղեկացրեց, որ «Ամասիա», «Ջրաձոր» անվանումներով ջրանցքները որևէ գույքի բաժանումից չեն առաջացել։ Այսինքն, օրենքով անբաժանելի Աջափնյա ջրանցք գույքային միավորը ապօրինաբար չի տրոհվել, առանձին գույքային միավորների չի բաժանվել։ Իսկ, արդեն 2022թ-ին՝ ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Ս. Թովմասյանը պաշտոնական տեղեկատվությամբ պարզաբանել է, որ Աջափնյա ջրանցքը, առավել ևս Ջրանցքի սկզբնամասի 5.5 կմ երկարությամբ հատվածը իրավունքի պետական գրանցում չի ստացել, այսինքն՝ փաստացի օտարված լինել չի կարող և չի էլ օտարվել։ Վերջինս, ակնհայտ է նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության նշյալ որոշմանը նախորդող փաստաթղթերում, Ընկերությանը տրված սեփականության վկայականներում և այլ փաստաթղթերում՝ Աջափնյա ջրանցք գույքի հետ առնչվող արձանագրումներ գոյություն չունեն։ Ներկայացվածը առավել ընկալելի կդառնա, եթե տեղեկացնենք, որ Ջրանցքի սեփականատեր Ջրային կոմիտեն գույքի օտարման գործառույթները կազմակերպելու համար Ընկերության տնօրենին է լիազորել ջրային կոմիտեի անունից հանդես գալ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունում, իսկ տնօրենի որդուն լիազորել է հանդես գալ ՀՀ կադաստրի կոմիտեում… Փաստորեն, «Բիզնես-նորույթի» հիմնադիրները Ջրանցքի անօտարելիության բարդույթից խուսափելով, այս անգամ էլ հերթական «թղթերը» ձևակերպել են գույքային իրավունքների տեսքով։ Հետո ի՞նչ, որ այդ «թղթերը» ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են, այլ նաև վերաբերելի չեն Ընկերության տնօրինմանը հանձնված գույքերին։ Փաստացի, Ընկերության տնօրինմանը հանձնվել են թվով չորս ջրային համակարգեր, իսկ սեփականության վկայականները վերաբերում են երկու համակարգերին՝ բետոնյա ջրանցքին և թունելին։ Պատվարի և դյուկերի նկատմամբ Ընկերությանը՝ թեկուզև ոչ իրավաչափ, սեփականության իրավունքներ չեն տրվել։ Սակայն, առ այսօր, դա չի խանգարում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ջրային կոմիտեի ղեկավար պաշտոնյաներին պարբերաբար պնդելու, որ Ընկերությունը սեփականության իրավունքով է տնօրինում ՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրանցքի 5. 5 կմ երկարությամբ հատվածը, որի վերաբերյալ կադաստրի կոմիտեի նախագահը հաստատել է, որ գույքը նույնիսկ իրավունքի պետական գրանցում չի ստացել՝ այսինքն` օտարված լինել չէր կարող։ Ավելին, նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային վերահսկողության տեսչական մարմինը 2022թ-ին, կրկնակի, ստուգումների արդյունքներով արձանագրել է՝ դյուկերը և դրանով ծանրաբեռնված մոտ 7000քմ հողատարածքը Ընկերության կողմից առանց իրավունքի օգտագործելու փաստը և հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Ստացվում է, որ կարևորը այն է, որ Ընկերության սեփականությունը հաստատող ինչ որ «թղթեր» կան, ուրեմն բանաձևը գործում է և՝ «Թղթերով ամեն ինչ կարգին է»։

Պետության չփոխանցվող սեփականության իրավունքը, այլ սուբյեկտի՝ Ընկերությանը, իբրև թե փոխանցելուց հետո՝ օտարված թունելի, «Ամասիա» և «Ջրաձոր» ջրանցքների զբաղեցրած հողատարածքների նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը հավաստող վկայականներում՝ նպատակային և գործառնական «ջրային նշանակության» արձանագրումների դիմաց՝ արձանագրվել է իրավունքը-«սեփականություն»։ Այսինքն, Ընկերությանը տրված «թղթերի» համաձայն՝ ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետերը, որոնց խախտման դրվագներով հարուցվել և հանրայնացվել են տասնյակ քրեական գործեր՝ Ընկերության պարագայում չեն գործում։ Ամփոփ. «Թղթերից» վերադառնալով իրավունքի դաշտ, արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց: Ընկերության կողմից շահագործվող պատվարը, ջրանցքը, հիդրոտեխնիկական թունելը և դյուկերը ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պետական նշանակության ջրային համակարգեր են, որոնք պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն(ՀՕ-373-Ն, հ.4)։ Այսինքն` դրանք այն գույքերն են, որոնք վերոնշյալ 167-րդ հոդվածի համաձայն՝ չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։ ՀՀ սահմանադրություն, հոդված 10. 1.Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Ուստի և, առաջնահերթ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի բարձրաստիճան իրավասու պաշտոնյաները պարտավորված են ճանաչել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը այն գույքի(երի) նկատմամբ, որն իր առանձնահատկություններով և այդ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումներով ՀՀ օրենքով կարող է գտնվել բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո և գույքը վերադարձնել Հայաստանի Հանրապետության տնօրինման տակ՝ դադարեցնելով պետության բացառիկ սեփականության ջրային ռեսուրսների վատնման եղանակով առերևույթ հափշտակությունները։ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: Սույն դեպքում՝ իրավասու, պետությունը ներկայացնող պաշտոնատար անձինք տարիներ շարունակ, ոչ միայն չեն խթանել շրջակա միջավայրի պահպանությունը և ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործումը, այլև՝ իրենց առերևույթ հակապետական գործելակերպով մասնակիցն են դարձել այդ ռեսուրսների ապօրինի փոշիացմանը։ Վերջում, անհրաժեշտ ենք համարում հակիրճ անդրադարձ կատարել նաև Ընկերության ՀԷԿ-ի շահագործմանը առնչվող վարչական և քրեական վարույթներին, որտեղ, կարծում ենք, նշյալ վարչական մարմինների կողմից վերը ներկայացված՝ սույն դեպքում տասնամյակներ շարունակ՝ «Բանաձևով» տարվող վարչարարությունը, հայելային ազդեցություն է թողնել նաև քրեական վարույթների վրա։ Ընկերության ՀԷԿ-ին վերաբերող լիազոր մարմինների կողմից կայացված միջամտող վարչական ակտերը (հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն), որպես կանոն, վարչական դատարաններում վերացվում կամ չեղյալ են համարվում՝ ոչ թե վարչական ակտում իրավական հիմքերի բացակայությամբ, այլ վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարության անկատարությունների հիմքերով։

Բոլոր վարչական ակտերում՝ Ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օրենքի ուժով պետական նշանակությունը անտեսվել և չի արձանագրվել։ Ինչի հետևանքով, Ընկերության նկատմամբ կայացված միջամտող վարչական ակտերը վարչական դատարաններում վիճարկելու պարագաներում՝ անտեսվել են գույքերի օրենքի ուժով պետական նշանակությունը(ինչից բխում է հանրային շահը), Ընկերությանը տալով ՀԷԿ-ի շահագործումը չընդհատելու հնարավորություն (հայցի ապահովմամբ, արդեն 5 տարի)։ Վարչական վարույթների շրջանակներում իրականացված վարչարարությունների անկատարությունները (դատական ակտերի համաձայն), կարծում ենք, պատահականությունների ժանրից չեն և արվել են Ընկերության կողմից՝ պատեհ կամ անպատեհ առիթներով դրանք շահարկելու նպատակով։ Այսպես. Դեռևս 2019թ-ի հոկտեմբերի 25-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի № 399-Ա որոշմամբ արձանագրվել է, որ նշյալ ջրային համակարգերից պատվարի նկատմամբ Ընկերությունը չունի սեփականության իրավունք և ըստ այդմ էլ Հանձնաժողովը իրավասու չի եղել 2017թ-ի հուլիսից Ընկերության կողմից արտադրված էլէներգիայի վաճառքի համար սահմանել առավելագույն սակագին՝ ուստի և, Ընկերությունը պարտավոր է սպառողների հաշվին իրեն ավել վճարված 480 ՀՀ միլիոն դրամը վերադարձնել։ Ներկայումս, ըստ հանձնաժողովի հաշվարկման մեթոդիկայի, սպառողների հաշվին Ընկերությանը ավել է վճարվել արդեն մոտ 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Վերադարձվել է 0.000 ՀՀ դրամ։ ՀՀ Վճռաբեկ վարչական դատարանի վճռով հանձնաժողովի որոշումը վերացվել է՝ վարույթի ընթացակարգային վարչարարական անկատարությունների հետևանքով։ Այդ վարույթի շրջանակներում մենք քանիցս դիմել ենք հանձնաժողովին, որ քննության առնեն նաև պետական նշանակության դյուկերի նկատմամբ Ընկերության անունով պետական գրանցում ստացած սեփականության իրավունքի բացակայությունը։ Հանձնաժողովը մեր դիմումները, տարբեր սին պատճառաբանություններով, անտեսել է։ 2022թ-ին, դյուկերի և դրանով ծանրաբեռնված հողատարածքները Ընկերության կողմից առանց իրավունքի օգտագործելու փաստը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային վերահսկողության տեսչական մարմնի կողմից արձանագրելուց հետ՝ տեսչական մարմնի որոշումը և ակտ-ը կից գրությամբ ուղարկել ենք հանձնաժողովին՝ վարչական վարույթ հարուցելու և համապատասխան վարչական ակտ կայացնելու խնդրանքով։

Հանձնաժողովը մեզ պատասխանել է, որ նշյալ տեսչական մարմինը. մեջբերում՝ «միակ լիազոր մարմինը չէ»… և չի իրականացրել դրան հաջորդող որևէ գործողություն։ Ողջամիտ դատողությամբ, հանձնաժողովը վերոնշյալ փաստը արձանագրելու և պատշաճ ընթացակարգերով Ընկերության նկատմամբ ևս մեկ միջամտող ակտ կայացնելու դեպքում՝ առնվազն այդ իրավական հիմքով, նախ կարձանագրեր Ընկերությանը, այդ պահին, ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ ավել վճարված լինելու փաստը և այն վերադարձնելու պահանջը և կաշկանդված կլիներ Ընկերության արտադրության լիցենզիան 2024թ-ին ևս 15 տարով երկարաձգելու հարցում։ Ընկերության 2011թ-ին տրված ջրօգտագործման թույլտվության գործընթացում կատարված ապօրինությունների առթիվ հարուցված քրեական գործի (ՀԿԴ/ 0070/01/22) նախաքննության փուլում՝ 2020թ-ի մայիսին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից շրջակա միջավայրի նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարությունում հարուցվել է վարչական վարույթ։ Նախարար Է. Գրիգորյանը (նույն նախարարությունում՝ նախկինում փոխնախարար) քաջատեղյակ լինելով ՀԷԿ-ի ապօրինի գոյության այն բոլոր հանգամանքներին, որոնք ներկայացված են սույն նամակում (նաև ներկայացվել են մեր դիմումներով), վարչական վարույթի ավարտով արձակված իր հրամանով՝ Ընկերության 2011թ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը անվավեր է ճանաչել, ընդամենը, այդ թույլտվությամբ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությամբ սահմանված ՀԷԿ-ը ոչ ոռոգման սեզոնին շահագործելու պայմանի խախտմամբ Ընկերությանը ՀԷԿ-ին շուրջտարյա ռեժիմով թույլտվություն տալու փաստով, այն էլ՝ առանց պատշաճ իրավական հիմնավորումների։ Ինչի հիման վրա վարչական դատարանը հրամանը վերացրել է։ Փաստացի, ըստ նախարարի հրամանի ցանկացած Անձ՝ ելնելով պետական նշանակության ջրանցքի տեղադիրքային հնարավորություններից, կարող է նախաձեռնել և այդ ջրանցքը վերակառուցելով օգտագործել որպես հէկ, բայց շահագործել միայն ոչ ոռոգման սեզոնին։

Վերոգրյալը ենթադրություն չէ, որովհետև անկախ նախաքննական մարմնին մեր ներկայացրած փաստերի բովանդակություններից (գրեթե ամբողջը ինչ ներկայացված է նամակում) գործի մեղադրական եզրակացությունում քրեաիրավական գնահատական է տրվել հիմնականում փորձաքննական եզրակացության պայմանի խախտմանը, մասնավորապես արձանագրելով, որ պետական ոռոգման համակարգերը ոչ ոռոգման սեզոնին շահագործելը իրավաչափ է՝ եթե չի խախտվել փորձաքննական պայմանը։ Փաստացի ունենք իրողություն, որտեղ մեղադրական եզրակացությունների նկարագրական և պատճառաբանական մասերը ակնհայտորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքին(ՀԿԴ/ 0070/01/22 և դրանից անջատված՝ ՀԿԴ/ 0138/01/23), ինչի մասին դեռևս երկու տարի առաջ իրազեկել ենք ՀՀ գլխավոր դատախազին։ 2019թ-ից հետո Ընկերության ՀԷԿ-ին վերաբերող քրեական վարույթներից երկուսը կարճվել է, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ավելի քան մեկ ու կես տարի առաջ հարուցված՝ տարեկան 350-400 միլիոն դրամ ոռոգման ջրի վատնման և առանց դյուկերի նկատմամբ իրավունքի շահագործման դրվագներով հարուցված քրեական գործերով դեռևս մեղադրյալներ չկան… Սույն Նամակի հարգարժան հասցեատերեր. Ներկայացված, աննախադեպ ապօրինությունների, առնվազն, գործուն դադարեցումը, կարծում ենք, ի վերջո, մեր երկրում կվերացնի «թղթերով ամեն ինչ կարգին է» բանաձևի կիրառումը…  

«Լայթեքո»» ՍՊ ընկերության տնօրեն՝ Գ.Գասպարյան  

  «Էրստեդ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ս.Մինասյան  

  «Ֆենհալ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ա. Գրիգորյան

Հիշեցնենք, որ այս խնդրին մենք ավելի վաղ էինք անդրադարձել, ներկայացնելով աղաղակող փաստեր հնարավոր ապօրինությունների վերաբերյալ։ Ներկայացնում ենք նաև տեսանյութը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր