00:00:00

Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ինչ ապօրինություններ են եղել. «Ժողովուրդ»

09:10, 04 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից գյուղերը փոշու եւ ցեմենտի մեջ են հայտնվելու։ Տուժելու են գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Վեդիում ցեմենտի նոր գործարան կառուցելու ու Կարմիր սարը որպես հանք շահագործելու լուրերը հանգիստ չեն տալիս հարակից գյուղերի բնակիչներին։

Դեռ հուլիս ամսին հասունացած այս աղմուկից հետո ընկերությունները չեն հասել իրենց ուզածին։ Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների մեծամասնությունը դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Չնայած բնակավայրում երեք հանրային լսում է կազմակերպվել՝ շատերն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դրա դեմ ստորագրահավաք է սկսվել: Հավաքվել է 2300 ստորագրություն։

«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, ով դեմ է արտահայտվել այս որոշմանը, պնդում է, որ Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու նպատակով հանրային լսումները, փաստացի, կեղծվել են։

ՀԿ-ն պարզել էր, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին եւ չեն մասնակցել դրանց:

Բնապահպանները եւս նախօրեին ահազանգում էին եւ հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է. «որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը»:

Իսկ ո՞վքեր են կանգնած վերը նշված ընկերությունների ետեւում, որոնք փորձում են «տիրանալ» հանքին. հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։

Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանքիը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 22 հասցեին հարակից տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը փոխկապակցված է Օրդուխանյանների հետ։

Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ Սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։

Շինարարությունը բազում բողոքների արդյունքում դադարեցվել էր, ապա բուռն կերպով սկսվել Հայկ Մարությանի օրոք. նրա հեռանալուց հետո՝ շինարարությունն այս պահին դադարեցված է։

«ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն եւս վերը նշված հանքին «տիրանալու» համար հերթի է կանգնել։ Ընկերության 100% բաժնետերը Լեւոն Ավետիսյանն է։

«Դիգընդիգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ նախնական հայտում նշված է, որ Այգեզարդը հնարավոր հանքավայրից հեռու է 2.7 կմ, մինչդեռ հարակից բնակավայրերը հանքավայրի տարածքին ավելի մոտ են։ Կրաքարային մերգելների հանքավայրը Նոր ուղի բնակավայրից հեռու է 2.1 կմ, Քաղցրաշենից՝ 2.45 կմ, Գինեվետից՝ 2.08 կմ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կարմիր սարի հանքի համար պայքարում է նաեւ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Սեդրակյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մի շարք երիտասարդների պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել հաղթանակի. եւ Արարատի բնակիչները փրկեցին իրենց քաղաքացիներին մայրաքաղաքի խոշոր կառուցապատողների երախից, որոնք ցանկանում էին, որ ավազի, ցեմենտի, քարի եւ մյուս շինանյութերի արտադրությամբ, արդյունահանմամբ եւս զբաղվել, որ շենք կառուցելը ավելի եկամտաբեր լինի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր