«Կրասնոդարը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Ըստ աղբյուրի, Հայաստանի հավաքականի խաղացողին առաջարկել են նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Խոսքը երեք տարվա պայմանագրի մասին է՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Այս պահին խաղացողի կողմը դեռևս ոչինչ չի ստորագրել:
24-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսական ակումբի հիմնական թիմում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 116 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: