00:00:00

Հորդորում ենք միջազգային հանրությանն անաչառ գնահատական տալ Ադրբեջանի ՄԻՊ-ի գործունեությանը

16:11, 13 օգոստոս 2024 Հասարակություն

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ն հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանի պետական համակարգը տարբեր կառավարական և ապակառավարական խողովակներով շարունակում է զավեշտաբարո հայտարարություններ տարածել։ Նման համատեքստում երբեմն որոշ ինստիտուտների գոյությունն առհասարակ խնդրահարույց և ժամանակավրեպ է թվում։ Ասվածի վառ վկայությունն է Ադրբեջանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և մարդու իրավունքների պաշտպանի գոյությունն առհասարակ։ Այս ինստիտուտի և վերջինիս ղեկավարի գործունեությունը ուղիղ հակասության մեջ են այդ երկրում մարդու իրավունքների և վերջիններիս պաշտպանության խնդրի նկատմամբ գոյություն ունեցող պետական մոտեցման հետ։ 

Իրավիճակի երկկողմ ուսումնասիրության ֆոնին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի գործունեությունն ու արած հայտարարությունները վերածվում են սեփական հանրությանն ու արտաքին աշխարհին մոլորեցնելու էժան գործիքների։ Վերջին հայտարարությունը է՛լ ավելի հեռուն է գնում՝ Հայաստանին մեղադրելով էթնիկ զտումներ իրականացնելու մեջ այն պարագայում, երբ հենց Ադրբեջանն է վերջին հարյուրամյակում առնվազն 4 համակարգված խոշոր էթիկ զտում իրականացրել հայության նկատմամբ՝ 1905-1906 թթ․, 1918-1920 թթ․, 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ծաղր է միջազգային հանրության հասցեին այն պարզ պատճառով, որ շուրջ 10 ամիս շարունակ Ադրբեջանը ապօրինաբար Լաչինի միջանցքի շրջափակմամբ խախտեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության անօտարելի իրավունքները՝ վերջիններիս սովամահությամբ հասցնելով գոյութենական վտանգի եզրին։ Արդյո՞ք Հայաստանի հասցեին «պատմաքաղաքական հերյուրանքներ» հասցնելուց առաջ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը չի վերընթերցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ եզրակացնելու համար, թե ինչպիսի իրավունքներ են խախտվել և ինչպիսի ճշգրտությամբ Ադրբեջանը չի կատարել ինչպես Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այնպես էլ միջազգային հանրության կոչերը։ Այժմ միջազգային հանրությանը Հայաստանի դեմ ուղղված կոչեր հասցեագրելիս Սաբինա Ալիևան արդյո՞ք պատրաստ է հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ինչպիսի բռնությունների է ենթարկվել, թե որքան մարդ է ենթարկվել ֆիզիկական բռնության, որքան է կազմում հայության գույքային և դրամական կորուստը, քանի հայկական ազգային-կրոնական կոթող է ոչնչացվել պետության ուղիղ թելադրանքով և վերջապես, պատրաստ է արդյո՞ք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոստովանել, թե ադրբեջանական հասարակության քանի տոկոսն է վարակված պետականահեն ռասիզմով՝ պատրաստ ուղղակի բռնությունների հայության և հայկականության դեմ՝ ի դեմս աճող «ռամիլսաֆարովականության»՝ տերմին, որով կարելի է հակիրճ բնորոշել Ադրբեջան պետության և ադրբեջանական հասարակության բնույթն ու բովանդակությունը։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի «իրավապաշտպան» գործունեությունը՝ կոչ անելով պարապուրդի մատնվելու փոխարեն իրապես ուշադրություն դարձնել սեփական երկրի ներսում իրավունքների վերացող տեսակի՝ մարդու իրավունքների հիմնախնդրին, որի պարագայում վերջինս ժամանակ և միջոցներ չի գտնի միջազգային հանրությանը ապակողմնորոշելու համար։ Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, միջազգային իրավարար կազմակերպություններին ուշադրություն դարձնել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը և անաչառ գնահատական տալ այդ կառույցի գոյության նպատակահարմարության վերաբերյալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր