Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը երախտիքի խոսքեր է հղել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
«Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում։
Սիրելի՛ մարզիչ, սիրելի՛ ընկեր Հակոբ, Դուք արեցիք սա լուռ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, գնացիք Ձեր նպատակի հետևից, երբեք որևէ մեկին ցույց չտվեցիք, թե շատ հաճախ որքան դժվար է եղել Ձեզ համար, քանի որ երկար տարիներ բազմաթիվ խնդիրներ, որոնց ընդհարվել եք, կարողացել եք հարթել անաղմուկ և նպատակները, որ դրել եք Ձեր առաջ, երևի ձեզանից բացի որևէ մեկը չի հավատացել դրանց իրականացմանը։
Անհնար էր հավատալ, որ մեր մարզաձևի համար կգան այնպիսի օրեր, երբ նվաճված Օլիմպիական արծաթե մեդալը մի պահ կտխրեցնի մեզ, մի պահ մենք բոլորս՝ աշխարհի ողջ հայությունը, մի ակնթարթ տխրության և հիասթափության զգացում կունենանք և դա վկայությունն է նրա, որ երբեմնի հայկական փառավոր մարմնամարզությունը վերածնունդ է ապրում. վերածնունդ է ապրում Ձեր շնորհիվ և այո՛, կարևոր մեկ մարդը Դուք եք եղել, որ հավատացել եք այս ամենի իրագործմանը։
Ընկեր Հակոբ, ես գիտեմ ՝ որքան հավատքով եք Դուք ապրում առ Աստված և Դուք ունեիք հզոր առաքելություն՝ շենացնել մեր մարզաձևը և հետ բերել հայկական մարմնամարզության երբեմնի փառքը և Դուք դա արեցիք ու վստահ եմ՝ Ձեր առաջնորդությամբ դեռ փառավոր հաղթանակներ ենք տոնելու»,- Facebook-ում գրել է Վանոյանը: