Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը հայտարարել է կարիերայում ժամանակավոր դադար վերցնելու մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բարսեղյանն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Դեռ երկար ժամանակ մտքումս կար սպորտից հեռանալը, սակայն չէի կողմնորոշվում, թե երբ պետք է այդ մասին հայտնեի ամբողջ հայությանն ու սպորտի աշխարհին: Հեռանում եմ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, նաև հոգեբանական ոչ կայուն վիճակում եմ: Հիմա ուզում եմ ինքս ինձ հասկանամ ու գտնեմ իմ տեղը սպորտային աշխարհից դուրս»,-ասել է Բարսեղյանը:
Վերջինիս խոսքով` երկար ժամանակով դադար է վերցնում: «Օլիմպիական խաղերին մասնակցեցի այնպես, ինչպես կարողացա: Ինչպես հասկացա, գլխացավեր ու հայմորիտ ունեմ: Իմ կարծիքով՝ տաղանդիս համար դռները փակվեցին 19 տարեկանում: Լավ արդյունքներ էի գրանցում պատանի հասակում: Այդ ժամանակներից մինչ օրս հիասթափությունը հետապնդում է ինձ»,-առանձնացրել է Բարսեղյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է:Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը:
Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել: