Արթուր Դավթյանը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլն ավարտվեց:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը 7-րդ տեղից դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ եւ կպայքարի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:
Որակավորման փուլում Դավթյանը հավաքել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը եզրափակիչ էր դուրս եկել 14.866 միավորով, իսկ եզրափակիչում բրոնզե մեդալակիր էր դարձել 14.733 միավորով:
2022 թվականին Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 15.050 միավորով:
2023 թվականին Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 15.033 միավորով: Նույն թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում վաստակել էր 15.166 միավոր:
Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։
Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, 2022 թ. աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն հենացատկի վարժությունում, 2023 եւ 2024 թթ. աշխարհի գավաթակիր, 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի եւ միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն: