Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, օգոստոսի 17–ից 18–ը կանցկացվի Խաղողի փառատոն։ Այն կազմակերպում է «Սիգմա» հոլդինգը։ Հոլդինգի հիմնադիր Դավիթ Ազարյանը Irakanum.am–ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել տոնական երկու օրերի միջոցառումների վերաբերյալ։ «Խաղողի փառատոնը նվիրվում է Խաղողօրհնանքի տոնին, որի նպատակն է լայն հասարակությանը ներկայացնել հայկական սիմվոլներից մեկի՝ խաղողի նշանակության կարեւորությունը մեր կյանքում։ Փառատոնին մասնակցում, ներկայացնում եւ ցուցադրում - վաճառում են այն բոլոր անհատները եւ կազմակերպությունները, որոնց արտադրանքը որեւէ առնչություն ունի խաղողի հետ»,– ասաց Ազարյանը։ Հատուկ առանձնացված տաղավարներ են լինելու, որտեղ այդ օրերին վաճառվելու են ապրանքներ, որոնք տոնական օրվա հատուկ բաղադրիչն են կազմում։ «Օրինակ գինի - թույլ ալկոհոլ, հյութեր, որպես սննդամթերք- չամիչ և այլն»,– ասաց կազմակերպիչը։
Լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որին զուգընթաց փառատոնի ամբողջ տարածքում նախատեսվում է համերգա- ժամանցային ծրագրեր։ «Մասնավորապես համերգային մեծ ծրագրեր, որտեղ հանդես են գալու ազգային երգի պարի խմբեր և DJ-ներ։ Խաղողի տրորման արարողություն Գինիների համտեսում Կոկտեյլների պատրաստում Տարբեր վարպետաց դասեր։ Վստահեցնում ենք, որ հետաքրքիր ժամանցն ապահովված կլինի»,– նշեց Դավիթ Ազարյանը։
Տոնական միջոցառումը կիրականացվի Գյումրու Աբովյան փողոցում։ «Անցկացման տեղի, ժամանակի վերաբերյալ ձեռք է բերվել Գյումրու քաղաքապետարանի թույլատվությունը Անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը եւ պայմանները , ինչպես նաեւ մասնակցության հրավերները, հասցեական ուղարկված են բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին»,– ասաց նա։
Դավիթ Ազարյանի խոսքով՝ Գյումրին հատկապես վերջին տարիներին դարձել է զբոսաշրջային կարևոր կենտրոն։ Հատկապես հանգստյան օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Գյումրի։ Վստահ են այդ օրը ևս այցելուների պակաս չեն ունենա։ Անգամ մոտավոր հաշվարկներ են արել, մոտ տասը հազար մարդ երկու օրում մասնակիցը կդառնա մինչ այժմ չիրակացված միջոցառմանը։
«Գյումրին առաձնահատուկ է իր կոլորիտով, եկեղեցական տոները յուրովի նշելու ավանդույթով, և բացի այդ բոլոր տեսակի միջոցառումները մայրաքաղաք Երևանում կենտրոնացնելը ճիշտ չէ, հետևաբար մենք որոշեցինք մեր հերթական խոշոր նախագծերից մեկն իրականացնել հենց Գյումրիում։ Այս օրերին էլ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, և վստահեցնում ենք, որ տոնական երկու օրերը կանցնեն բավականին հետաքրքիր ու բազմաժանր և ինչպես գյումրեցիների, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից ու արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին դուր կգա»,– ասաց Դավիթ Ազարյանը, հավելելով, որ զուգահեռ նաև մեկ այլ նախագիծ են մշակում, որն էլ նախատեսում են իրականացնել արդեն Վանաձորում, բայց այդ մասին հիմա խոսել չեն ցանկանում, փակագծերը կբացեն՝ ավելի ուշ, խոստանալով մշակութային կյանքը հանրապետության մեծ ու փոքր քաղաքներու աշխուժացնելու բանաձևն իրենք հստակ մշակել են։ Իսկ մինչ այդ բոլորին հրավիրում են հայրաքաղաք Գյումրի, օգոստոսի 17–ին և 18–ին մասնակիցը դառնալու ազգային տարրերով համեմված ու ժամանակակից լուծումներով միջոցառման, հիշեցնելով՝ մուտքն ազատ է։
Irakanum.am