«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը և «Սատար Արցախին» միությունը հուլիսի 15-ին ստորագրել են հուշագիր, որով կողմերը պայմանավորվում են սերտորեն համագործակցել Արցախից բռնի տեղահանված բնակչության պահպանման, նրա մշակութային ինքնության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության տարածքում արարցախահայության կայուն ինտեգրման շուրջ: Կազմակերպությունները համատեղ բարեգործական ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված արցախահայության աջակցությանը, նրանց կարիքների բավարարմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Հուշագիրն ստորագրել են «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միության նախագահ Նելլի Սերկիսյանը։
«Անչափ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համագործակցություն հաստատել «Սատար Արցախին» միության հետ։ Հավատում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի, քանի որ և' մեր, և' «Սատար Արցախին» միության առաքելությունն է՝ օգնել արցախահայությանն այս դժվարին իրավիճակում: Մեր կազմակերպությունը հիմնվել է բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից և շրջափակման ժամանակ կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախում: Ուրախ ենք, որ շարունակում ենք նրա գործը»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։
«Մեզ համար շատ կարևոր է այս բարդ փուլում սատար կանգնել արցախահայությանը և նրանց կողքին լինել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել բռնի տեղահանության հետևանքով առաջացած խնդիրները: Այս համագործակցության շրջանակում մենք մեր ջանքերը կհամատեղենք՝ իրականացնելու անհրաժեշտ և օգտակար մի շարք ծրագրեր՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների կարիքները»,- ընդգծեց Նելլի Սերկիսյանը։
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ կազմակերպությունների միջև առաջին մեծ համագործակցությունը նախատեսվում է «Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության ծրագրերն ուղղված են պաշտպանելու մարդկանց, որոնց կյանքը տուժել է հակամարտություններից:
Արցախի շրջափակման ընթացքում գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրել էր Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի մատակարարման, սոցիալական, առաջնային առողջապահության և այլ ոլորտներում աջակցության ցուցաբերման, ինչպես նաև կրթական, մշակութային ծրագրերի իրականացման վրա:
Կազմակերպության ներկա ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը:
«Սատար Արցախին» միությունը Ֆրանսիայում գործում է 1999 թվականից: Միության գործունեությունն ուղղված է Արցախի վտարանդի բնակչության սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների պաշտպանությանը: