Ռուսական կողմը խիստ ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Երևանը, մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով»,- ասել է նա:
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է․ «Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում»,- ասել է նա։
Գալուզինը, խոսելով անվտանգության ոլորտի մասին, նշել է որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից։