Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստերը չէ, այլ քաղաք բոլորի համար և հույս հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է: