Ամերիկյան ներքաղաքակ քննարկումներում շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել նախորդ շաբաթ կայացած Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճը:
Նախագահ Ջո Բայդենը փորձում է անդրադառնալ իր կողմնակիցների մտահոգություններին։
Հուլիսի 4-ին Վիսքոնսինի WAUK ռադիոկայանի հետ զրույցում Բայդենն ասել է. «Վատ գիշեր եմ անցկացրել, բայց հորիցս սովորել եմ, երբ քեզ նոկդաունի են ենթարկում, ուղղակի ոտքի կանգնիր»։
Բայդենի նախընտիական թիմը փորձում է ամրապնդել նրա դիրքերը՝ Դեմոկրատական կուսակցության առաջատար նահանգապետերի աջակցությամբ։
«Նախագահ Ջո Բայդենը ցանկանում է հաղթել, և մենք բոլորս խոստացել ենք մեր աջակցությունը նրան»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը։
Մյուս կողմից, հանրապետականներն են անցել գրոհի։ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է. «Կարծում եմ, նրանք գիտեն, որ լուրջ խնդիր ունեն: Բայց միայն քաղաքական խնդիր չէ, միայն Դեմոկրատական կուսակցության խնդիրը չէ: Ողջ երկրի խնդիրն է, քանզի ունենք նախագահ, ով, ըստ ամենայնի, դժվարանում է գործել։ Վտանգավոր ժամանակներ են»։
Հեռուստաբանավեճից հետո CNN-ի կողմից անցկացված հարցման համաձայն, դեմոկրատներին հարող ամերիկացիների 56%-ի կարծիքով, դեմոկրատները ավելի լավ հնարավորություն կունենան հաղթելու, եթե իրենց թեկնածուն չլինի Բայդենը: