Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության հետևողական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:
Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը: Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Փաշինյանի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Հունաստանի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Սիրելի Նիկոլ,
Տիկնայք և պարոնայք,
Մեծ ուրախությամբ այսօր այստեղ՝ Աթենքում, հյուրընկալում եմ բարեկամ Նիկոլ Փաշինյանին: Սա մի այց է, որը հանդիսանում է կարևոր քայլ` ամրապնդելով էլ ավելի գերազանց հարաբերությունները երկու երկրների՝ Հունաստանի և Հայաստանի միջև:
Սրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել նոր ընդհանուր մարտահրավերի համատեքստում, որոնք ծառացած են մեր առջև, հատկապես այս պահին, երբ Հայաստանը Եվրոպական միության աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել:
Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև մեր երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է վերականգնվող էներգետիկան, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաները: Սա համագործակցություն է, որ էլ ավելի խորանում և զարգանում է: Եվ այդ տրամաբանության մեջ ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Enterprise Հունաստանի և Enterprise Հայաստանի միջև:
Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն Փաշինյանի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:
Քննարկեցինք նաև զարգացումները տարածաշրջանում՝ արձանագրելով, որ այստեղ ընդհանուր են մեր մոտեցումները: Եվ երկու երկրները հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք համարում ենք, որ տարաձայնությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը բոլորից շատ լավ հասկանում և գիտակցում է խաղաղության գինը: Այն որոշումները, որ Դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, փաստացի կձևավորեն երկրի ապագան` գալիք տարիների համար:
Չափազանց մեծ հետաքրքրությամբ ես լսեցի Ձեր գաղափարը, Ձեր մոտեցումները ինչպես եք Դուք տեսնում, քայլեր իրականացնում նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում: Ունեցանք հնարավորություն քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի մարդկանց կյանքը հեշտացնելու ձևաչափը և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ Ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև միայն կայուն համաձայնագիրը Երևանի և Բաքվի միջև կարող է Հարավային Կովկասում բացել լավ ապագայի ճանապարհը:
Այդ իսկ պատճառով Հունաստանը սատարում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը Դուք մեզ ներկայացրեցիք, որպեսզի տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առևտրական հանգույցի՝ կապելով Սևծովյան երկրները, Պարսից ծոցի երկրները, Միջերկրածովյան երկրները, որովհետև միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, որովհետև միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը:
Քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն: Ինչպես և պատմական Հայաստանի կողքին ենք եղել, այնպես էլ հիմա կլինենք՝ պաշտպանելու այն մեծ մշակութային հայկական ժառանգությունը այն գոտիներում, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես գիտեք, Հունաստանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային ժառանգության պաշտպանությանը և ակտիվ քայլեր է ձեռնարկում հատկապես ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներով:
Կան նախադրյալներ նաև մոտ ժամանակներս ստորագրելու երկկողմ համագործակցության պայմանագիր միգրացիայի և աշխատանքի ոլորտում: Մեր բարեկամ երկիրն ունի աշխատանքային ուժ, հմտություններ, որոնք կարող են ծառայել աշխատանքային շուկայում:
Այդ իսկ պատճառով, սիրելի Նիկոլ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք այսօր այստեղ եք` Աթենքում, բայց միևնույն ժամանակ՝ ի դեմս Ձեզ ցանկանում եմ իմ հարգանքը հայտնել Հունաստանում մեծ հայկական համայնքին, բոլոր նրանց, ովքեր արդեն տարիներ շարունակ ձևավորել և հանդես են գալիս որպես ներդաշնակ գոյակցության օրինակ՝ իրենց դերակատարությունը բերելով հունական հասարակությանը: Բավականին ակտիվ և շատ կարևոր օղակ է, որ կապում է մեր բարեկամությունը, համագործակցությունը, որն էլ ավելի կամրապնդվի, էլ ավելի կմերձեցնի մեր երկրները և մեր ժողովուրդները:
Եվս մեկ անգամ, սիրելի Նիկոլ, բարով եք եկել և շնորհակալություն»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շնորհակալ եմ հարգելի պարոն վարչապետ, սիրելի Կիրիակոս,
Սա իսկապես կարևոր այց է մեզ համար՝ քննարկելու Հայաստան-Հունաստան երկկողմ օրակարգի, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացման հարցերը: Բայց նախ ես էլ ուզում եմ ընդգծել իմ հարգանքի հավաստիքը Հունաստանում հայ համայնքին և Հայաստանում հունական համայնքին, որովհետև Հայաստանում նույնպես ունենք տեսանելի հունական համայնք, որը շատ կարևոր դեր ունի մեր երկրի, մեր պետության կյանքում, տնտեսության մեջ, հանրային կյանքում: Եվ սա, կարծում եմ, արտահայտությունն է այն խորը պատմական կապերի, որ մեր երկրները, մեր ժողովուրդներն իրար հետ ունեն:
Իհարկե նաև պիտի հաճույքով ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավական լավ տեմպերով զարգանում են, և այսօրվա այցի արդյունքներով մենք, իհարկե, նոր խթան կտանք երկկողմ հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում, մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, իհարկե նշեցիք նաև անվտանգության ոլորտը: Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա:
Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ մեր երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ, ընդհանրապես: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հունաստանին Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար: Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները, և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն: Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որ դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը: Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր:
Իհարկե քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին: Ես վարչապետին պատմեցի այն միջոցները, որ մենք արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասացի, որ այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք և կարևոր է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Այսօր նաև քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր:
Իհարկե տարածաշրջանային իրավիճակը, միջազգային իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից մեկն էր: Ես վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին և ուր ենք մենք հասել, և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացն ապահովելու համար: Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:
Իրականում մեր երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և տնտեսական դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և դրանց մասշտաբները մեծացնելու, փոխելու:
Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ, և իհարկե սա պետք է լինի մեր կառավարութունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք, այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանն այն տեղի կունենա Երևանում և հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ և կոնկրետության մեջ քննարկել:
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ խոսակցության համար»:
Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորավածություն է ձեռք բերվել Հայաստանում անցկացնել համատեղ բիզնես ֆորում:
Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: