Դեռևս 2021 թվականին, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի տրխրահռչակ Ռազմավարի պուրակի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկեններ։ Այս մասին թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացման քննարկման ժամանակ:
«Երբ իմ ելույթում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները, ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն բողոքել է նիստի նախագահին, որ թույլ է տվել ինձ ելույթ ունենալ պաստառներով և թույլ չի տվել, որ նա նույնն անի։ Բողոքի այս ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը խնդրել է նրան հեռանալ նիստերի դահլիճից։
Ուկրաինացի պատգամավորի այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է նա աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված հազարավոր բնակիչների և Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս, քո ելույթն ինձ տհաճություն պատճառեց», - գրել է Մարուքյանը: