Մարտունու հիվանդանոցի շուրջ սկսված աղմուկը չի դադարում, ավելին Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով նոր սկանդալ է հասունանում։ Ինչպես հայտնել էինք 6,5 մլն ԱՄՆ դոլար էր ծախսվել Մարտունիի ԲԿ-ի կառուցման համար, բայց հիվանդանոցը չի գործում: Մենք տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետն անձամբ էր վարչապետ Փաշինյանին այդ մասին զեկուցել, այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսեց մարզեր այցելել ու կախիչ– «դուշ» «մոնիթորինգ» իրականացնել։ Մարզպետն էլ կանխազգալով, որ հնարավոր է Փաշինյանը իրենց մարզ էլ այցելի, մի ոտ շուտ որոշել է առկա թերացումների մասին գործադիրին զեկուցել։ Ու չնայած այն հանգամանքին, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, թե որեւէ խնդիր չկա և սկանդալ փնտրել պետք չէ, մեր աղբյուրները հայտնում են, որ տեղի ունեցող զարգացումները հնարավոր է հասցնեն Ավանեսյանի պաշտոնանկությանը։
Այսօր կառավարության նիստից հետո Անահիտ Ավանեսյանը ինչպես նախորդ բոլոր դեպքերում էր լինում, դուրս չեկավ գործադիրի շենքի այն մուտքից, որտեղ լրագրողներն են սպասում։ Նշենք, որ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ աշխատանքում բավականին բաց է, նա հարցազրույցներից չի խուսափում, բայց այս անգամ կարծես թե բան էր փոխվել ու նա կառավարության շենքը նիստերից հետո լքել էր այլ մուտքից։
Ինչով է սա պայմանավորված, փորձեցինք ճշտել վերջինիս մամուլի խոսնակից։ Մարիամ Ծատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե նիստից հետո Անահիտ Ավանեսյանը շարունակել է մնալ կառավարության շենքում՝ աշխատանքային քննարկումների մեջ է եղել։ «Կառավարության նիստից հետո նախարարը այլ քննարկան է եղել, դա է պատճառը, որ ճեպազրույցի այս անգամ չի իջել։ Ես գիտեմ, որ նախարարը լրագրողների հետ շփման հարցում ամենաակտիվներից է, և դրա համար բացակայությունը նկատելի է եղել»,– ասաց Ծատրյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի վերջո աշխատանքից ազատվեց արդյո՞ք ԱՆ փոխնախարար Նազարյանը, խոսնակն ասաց, թե իրենց պատասխանում որեւէ բան չի փոխվել, փոխնախարարը արձակուրդում է, բայց ազատման դիմումը գրված է, կգա՝ կազատվի։
Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ մեր տեղեկություններին, Մարիամ Ծատրյանն ասաց, թե հարցի հասցեատերը ինքը չէ։
Irakanum.am