00:00:00

Շատ վճռական եմ տրամադրված․ Արաս Օզբիլիսը՝ վաղվա ընտրության մասին

23:33, 22 դեկտեմբեր 2023 Սպորտ

Շատ վճռական եմ տրամադրված վաղվա ընտրությանը, քանի որ այս ընթացքում զգացի բազմաթիվ մարդկանց անկեղծ աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ: Դա կարեւոր է ընտրությունից առաջ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը:

Վաղը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կընտրի նոր նախագահ: Պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ նախագահի թեկնածու Օզբիլիզն ամփոփել է նախընտրական փուլը:

«Շատ վճռական եմ տրամադրված վաղվա ընտրությանը, քանի որ այս ընթացքում զգացի բազմաթիվ մարդկանց անկեղծ աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ: Դա կարեւոր է ընտրությունից առաջ։

ՀՖՖ նախագահի ընտրության մրցապայքարը ես անձամբ համարում եմ բավականին հաջողված ու արդյունավետ, քանի որ այս ընթացքում վեր են հանվել ու ֆուտբոլի հետ առնչվող տարբեր դերակատարների կողմից բարձրաձայնվել են բոլոր ցավոտ կետերն ու անհամաձայնությունները, որոնց մասին մինչեւ օրս չէր խոսվում, եւ ոչ էլ կար նման հանրային հնչեղություն, իսկ հիմա կարող ենք փաստել, որ Հայաստանում ֆուտբոլը դարձել է ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը, որը վերահաստատում է այն միտքը, թե որքան կարեւոր ոլորտ է այն հասարակության համար։

Մենք այս օրերին էլ տեսանք, որ, ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս ֆուտբոլն ունի մեծ ուժ միավորելու տարբեր մտածելակերպի, տարիքի, սեռի, կրթության ու զբաղվածության, ինչպես նաեւ տարբեր բնակավայրերի մարդկանց։

Ես մարդ եմ, ով ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի ֆուտբոլ,որն ունի բարձր ստանդարտներ ու զարգացած ֆուտբոլային մշակույթ։ Վճռական եմ բոլոր հարցերում գործել թափանցիկ, աշխատել անխտիր բոլոր ակումբերի հետ ու ամեն ինչ անել, որ հայկական ֆուտբոլը զերծ լինի ամեն տեսակի պայմանավորվածություններից, անգամ դրա մասին խոսակցություններից եւ ենթադրություններից․․․

Դուք էլ գիտեք, որ իմ ուղին ֆուտբոլում նվիրվածության ու համառության մասին է։ Եվ ես պատրաստ եմ շարունակելու այն արդեն որոշում կայացնողի դերում։ Անկախ ամեն ինչից՝ ես շարունակելու եմ գործել ոլորտում ու իմ ներդրումն ունենալ՝ հանուն հայկական ֆուտբոլի։

Ես պայքարելու եմ այս ոլորտը ոտքի կանգնեցնելու համար, քանի որ Հայաստանում ֆուտբոլի զարգացումն իմ կյանքի նպատակներից է։ Ու աջակցությունը, որ ստացել եմ օգնում է հավատալ այս ամենին։

Այն, ինչ անում ենք այսօր ու այս պահին, հանուն հայկական ֆուտբոլի ենք անում։ Բոլորս միասին՝ հանուն մեր երեխաների երազանքների, հանուն Հայաստանի սպորտային ապագայի, հանուն մեր խղճի ու արդարության, հանուն հայկական ֆուտբոլի»,- ասաց Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ հերթական ժողովը դեկտեմբերի 23-ին կմեկնարկի 13:00-ին: Նախագահի ընտրությունը ժողովի օրակարգի նախավերջին հարցն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր