Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որն իր թեկնածությունն է առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում, անկեղծանում է՝ դժվար է լինելու։
«Բայց ես համարում եմ, որ շանսերս շատ մեծ են, քանի որ զգում եմ՝ ողջ ֆուտբոլային աշխարհն ինձ աջակցում է, ես զգում եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Օզբիլիզը կարծում է, որ ֆեդերացիան ճիշտ չի աշխատել։ «Ես հավատում եմ, որ մեր երկրին կարող եմ մեծ օգուտ տալ»,- նշեց ֆուտբոլիստը։
Նա հայտարարեց՝ ամեն ինչ անելու է, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները, մինչև կարիերան ավարտելը, հավաքականում խաղան։
«Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե դուք ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք։ Իմ ասածն այն է, որ դուք ինձ հավատաք, նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե միայն Հենրիխի վերադարձը»,- նշեց Արաս Օզբիլիզը։