Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ, գրում է «Հետք»-ը։
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։
Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։
Տավրոս Սափեյանը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 17–ին։ Նա և հայրը՝ Էդիկ Սափեյանը, հայտարարագիր են ներկայացրել 2022թ․–ի համար, որտեղ հիշատակում չկա ընկերությունում հոր ունեցած 50% մասնակցության մասին։ Թալինի համայնքապետարանի գնման ընթացակարգը գնահատող հանձնաժողովի նախագահն ու 5 անդամները հայտարարություն են ստորագրել, որ իրենք շահերի բախում չունեն այս գնման առնչությամբ։ Բայց անտեսել են շահերի բախման իրական փաստը՝ համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությանը մրցույթի հաղթող ճանաչելու հանգամանքը։
Ամբողջությամբ՝ այստեղ։