Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է տեսանյութ, իբրեւ թե ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովի Երեւան գաղտնի այցի մասին:
Minval.az-ին տված հարցազրույցում Գասիմովը պնդում է իրեն հաջողվել է առանց խոչընդոտի ներթափանցել Հայաստանի մայրաքաղաք եւ այցելել այն շենքը, որում, նրա պնդմամբ, ինքը ապրել է ժամանակին:
Կադրերում երեւում է նաեւ շենքի մուտքը, տարբեր բնակիչների փակ դռներ, որտեղ Գասիմովի պնդմամբ ապրել են նրա նախկին հարեւանները: Գասիմովը նաեւ տարբեր բնակիչների անուններ է հնչեցնում:
Նշենք, որ տեսանյութում հնչող խոսքը մասամբ հայերեն է: Ով եւ երբ է նկարել տեսանյութը իրականում առայժմ հայտնի չէ:
NEWS.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ-ից, պատասխան դեռ չկա:
Թելման Գասիմովը Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպաններից» մեկն է: