Օրեր առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «սպառնացել» էր իր մեքենայի վրա «միգալկա» դնել, քանի, որ ըստ պատգամավորի՝ Գլխավոր դատախազին, ՔԿ և ԲԴԽ նախագահներին, ինչպես նաև ԱՄՆ ու ՌԴ դեսպաններին և ԿԲ նախագահին ուղեկցող մեքենաները ապօրինի կերպով երթևկում են առկայծող փարոսիկներով։ Ավելին Թորոսյանը մեկ շաբաթ ժամանակ էր տվել, ասելով, եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ հարցը չլուծվի, ապա ինքն էլ իր մեքենայի վրա է «միգալկա» դնելու ու հայտարարել, թե «թող հլը փորձեն իրեն տուգանել»։
Թորոսյանի այս հայտարարությունից մեկ շաբաթ արդեն անցել է, սակայն Irakanum.am–ի տեղեկություններով վերը նշված կառույցների ղեկավարներին սպասարկող մեքենաների վրայից առկայծող փարոսիկները չեն հանվել, իսկ ինքը՝ Թորոսյանը դեռ «միգալկա» չի դրել։
Արսեն Թորոսյանի այս հայտարարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ «Փարոսիկներով զբաղվում է պետական պահպանության ծառայությունը և դատական դեպարտամենտ․ իրենք են որոշում։ Իմիջիայլոց, մեքենայի վրա, որից օգտվում եմ, ոչ մի անգամ ոչ մի նոր սարք չեմ ավելացրել։ Ինչ տրամադրվել է ի սկզբանե, ինչ ունեցել է, օգտվել եմ դրանից, և դրա օրինականությունն ու ոչ օրինականությունը որոշում է դատական դեպարտամենտը»,- ասել էր նա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցադրմանը կանդրադառնան ավելի ուշ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ անդրադառնալով իշխանական պատգամավորի հայտարարությանը, Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ քննչական կոմիտեի նախագահի անվտանգությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցնրով ուզեկցումն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը։ «ՀՀ ՔԿ նախագահի ուղեկցումը, նաև ավտոմեքենաներ՝ փարոսիկներով կահավորվածության առումով, իրականացվում է սահմանված կարգին համապատասխան»։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Այս պահի դրությամբ ճշգրտվում և ուսումնասիրվում է առկա իրավիճակը և դրա համապատասխանությունը իրավական դաշտին։ Եթե իրավական դաշտի հետ լինեն անհամապատասխանություններ, կիրականացվեն համապատասխան միջոցառումներ»։
Irakanum.am