Դեկտեմբերի 2-3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասի առաջնություն Սավատ բռնցքամարտի և Մուայ Թայի ոճերից, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ուժեղագույն թիմերը: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էր 10 մարզիկ` Գավառի մասնաճյուղի մարզիչ Արաքս Մարգարյանի և Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ:
«Տպավորիչ հաղթանակներ և գեղեցիկ մենամարտեր ցուցադրեցին մեր մարզիկները` չեմպիոնը` Վահրամ Վարդանյանը, Ալեքս Ստեփանյանը, Խաչիկ Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը և, իհարկե, ունեինք նաև նորեկ մարզիկներ, ովքեր փորձի փոխանակման համար, առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարին: Նրանք բավականին հաջող հանդես եկան և մրցանակային տեղեր գրավեցին: Հայաստանի թիմը, ինչպես միշտ, փայլում էր հաղթանակներով և որպես ֆեդերացիայի նախագահ` ես դժգոհ չեմ արդյունքներից, քանի որ, ովքեր հին մարզիկներ էին, գրավեցին պատվավոր տեղեր, իսկ նորեկներն իրենց առաջին քայլերը կատարեցին միջազգային մրցաշարում և էլի ունեցան 2-րդ, 3-րդ տեղեր: Շնորհավորում եմ մեզ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը` հավելելով, որ հաղթած մարզիկները, ովքեր 1-ին և 2-րդ տեղ են զբաղեցրել, գարնանը Իտալիայում կմասնակցեն կայանալիք միջազգային մրցաշարերին, որտեղ լինելու է ընդհանուր մարտարվեստների փառատոն և հաղթած մարզիկներն այդ փառատոնին Հայաստանը կներկայացնեն Իտալիայում:
Մարզիկներից Ալեքս Ստեփանյանը հաղթել է թուրք մարզիկին, միայն եզրափակչում է զիջել վրացի մարզիկին: