Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսային սահմանային նոր անցման կետը համապատասխան տեխնիկական միջոցներով՝ ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար կհատկացվի 168 մլն դրամ։
Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Նախորդ շաբաթ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել այս շաբաթ։
«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել», - ասել էր նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն։
«Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մենք վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում ու այս առումով պատրաստ ենք զարգացումների։ Հույս ունենք՝ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ասել էր Փաշինյանը: