00:00:00

Պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու հեռուստատեսության ազատ և անխոչընդոտ աշխատանքը․ ՄԻՊ

13:37, 21 նոյեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ․

 

«Հայկական հեռուստատեսության սիրելի՜ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:

 

Դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:

 

Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում, այն նորանոր հորիզոններ է բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար:

 

Կարևոր է հեռուստատեսության դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու հարցում:

 

Այսօր էլ հեռուստատեսության առջև ծառացած են բարդ ու կարևորագույն խնդիրներ: Դրանց լուծումը պահանջում է աշխատանքների, մոտեցումների ու տեսլականի մշտական կատարելագործում և բարելավում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:

 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

 

Հեռուստատեսության օրվա առթիվ մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր