4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:
Ընդամենը ամիսներ առաջ խնդրահարույց հասցեներ այցելած Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր. տասնամյակների խնդիրը կլուծվի:
«Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր՝ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո մենք այսօր արձանագրում ենք այս կարևոր արդյունքը: Եվ այս արդյունքը այն մասին է, որ 4-րդ կարգի վթարային շենքերում Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքային իշխանությունը գործընթացը քննարկումներից տեղափոխեց գործնական փուլ ու հասավ խնդրի հիմնավոր լուծմանը:
Գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից:
Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը: