Այսօր առավոտյան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում բռնկված հրդեհի հետևանքով կա մեկ զոհ և տուժածներ, սակայն քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում, քանի որ, իր խոսքով, ինքը ֆակուլտետի պահակը չէ.
«Ես տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել նկուղում։ Որևէ լաբորատոր սարքավորում նկուղում դրված չի, և չի կարող պատահել, որ դրա հետևանքով լինի։ Ես նկուղի հետ գործ չունեմ, ես երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերի հետ գործ ունեմ»։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկված հրդեհի վերաբերյալ այլ հարցերը քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանին անեկդոտ հիշեցրեցին։
«Լսեք, մի հատ անեկդոտ կա, որ բերդում նստած բիձեն ասում է՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ս էդ անեկդոտը»,-ասաց նա։
Ի պատասխան լրագրողները հիշեցին, որ դժբախտ պատահարի հետևանքով մեկ զոհ ու երեք վիրավոր կա։
Հիշեցնենք, որ ՆԳՆ հրապարակած տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։