00:00:00

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 27 տարեկան

22:44, 16 նոյեմբեր 2023 Հասարակություն

Պատմում է գումարտակի հրամանատար փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը.

- Որպես շարքային զինվոր Ռոբերտը միայն լավ բնավորությամբ է աչքի ընկել, կազմակերպական որակներն անգնահատելի էին: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն առաջարկում էր Ռոբերտին նշանակել ջոկի հրամանատար, ես ասում էի՝ դեռ շուտ է, թող եփվի ծառայության մեջ, բայց միշտ էլ վստահ եմ եղել, որ պատրաստ է։ Շուտով Աբաջյանը նշանակվեց ջոկի հրամանատար. ղեկավարում էր գրագետ, առանց բացթողումների, որոշ ժամանակ անց դարձավ դասակի հրամանատարի տեղակալ։

Պատերազմը, արկերի պայթյունը փոխում են մարդու բնավորությունը, արթնացնում տարիներով քնած վախերը կամ հակառակը՝ ամրացնում մարդու ողնաշարը։

Ռոբերտի մոտ պատերազմի օրերին բնավորության փոփոխություն չնկատեցի. խիզախորեն, անվերապահորեն կատարում էր բոլոր հրամանները։ 

Իմ գումարտակի պաշտպանության շրջանում էդ օրերին ռազմամթերքի կարկուտ էր, բայց նախահարձակ թշնամին էդ վաշտում ոչ մի առաջադրանք չկարողացավ իրագործել։ 
 
Վերջին անգամ ես եմ Ռոբերտի հետ խոսել, կապի դուրս եկել, նախավերջինը Ռոբերտը կապի դասակի զինվորի հետ է խոսել: 

Ես զանգում եմ Ռոբերտին, ասում է՝ հակառակորդը ինձ նկատել է, մոտենում է: Ռոբերտին հրահանգում եմ թաքստոցում մնալ, մինչև հասնեմ: Ռոբերտը թե՝ չէ, պարոն փոխգնդապետ, մնացել է հինգ րոպե, որ մոտենան ինձ, հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, իրենց էլ:

Ռոբերտը վիրավոր Անդրանիկին վերցնում գալիս է արթուն հերթափոխի խրամաբջիջ, րոպեներ հետո ինձ զեկուցում է, որ Անդրանիկը զոհվել է: Շուտով հակառակորդը նկատում է Ռոբերտին, Աբաջյանն ինձ հեռախոսով վերջին անգամ ասում է՝ պայթեցնում եմ ինձ ու անջատում։ Երբ օրեր անց վերադարձրին մարմինը, հեռախոսը դեռ գրպանում էր՝ նռնակի բեկորներով…

Հատված Լիլիթ Հարությունյանի «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր