00:00:00

Լուսավոր տղա էր ու այդպես լույս դարձավ

15:11, 16 նոյեմբեր 2023 Հասարակություն

Լուսանկարից մեզ ժպտացող տղան 18-ամյա Արթուր Բաբայանն է։ Քույրը՝ Անգելինան, MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ Արթուրն այն երիտասարդներից է, ում հետ սովորական թվացող օրն արդեն տոնի էր վերածվում, երգում էր։ Հանդիսատեսի պակաս չուներ, տանն ամենասիրվածն էր, նույնը նաև ընկերական միջավայրում։ Երգում էր այնքան ժամանակ, մինչև հասկանում էր, որ դիմացինը հոգնել է։

Արթուրը 2023 թվականի հուլիսին զորակոչվել է պաշտպանության բանակի շարքերը։ Անգելինան ասում է, որ անգամ ծառայության մեջ սիրում էր կյանքը, հաղթահարում էր դժվարությունները։ Որոշում էր կայացրել՝ զորացրվելուց հետո շարունակել զբաղվել երաժշտությամբ։ «Նպատակ էր դրել զորացրվելուց հետո տեղափոխվել Երևան, ուսումը շարունակել կոնսերվատորիայում։ Ընտրյալ ուներ, շատ էին սիրում իրար։ Բայց, ամեն ինչ անկատար մնաց։ Կյանքն ընդհատվեց ծառայությունից 2 ամիս անց։

Պատերազմ էր, Արթուրը ծառայության մեջ։ Մասնակցել է ռազմական գործողություններին, փրկվել ու տուն է վերադարձել։ Պատկերացրեք մեր ուրախությունը այդ ծանր ու դաժան օրերին։ Ինչևէ, հետո, երբ ամեն ինչ արդեն պարզ էր, մենք էլ բոլորի պես հավաքեցինք իրերը, որ ճանապարհվենք Հայաստան։ Իմ ընտանիքն արդեն ճանապարհին էր, երբ լուր լսեցինք չարաբաստիկ պայթյունի մասին։ Շատ անհանգիստ էի, անընդհատ փորձում էի զանգել ծնողներիս, Արթուրին չէր ստացվում»,- հիշում է Անգելինան։ 

Ամբողջ ճանապարհին քույրը անհանգստությունից տեղը չէր գտնում․ «Սիրտս ինչ-որ բան էր զգում»,-ասում է նա։ Հետո, երբ ստացվում է մոր հետ կապ հաստատել, մայրը չի ասում ճշմարտությունը, որ Արթուրն ու հայրը ևս աղետի վայրում են եղել։ Միայն ասում է՝ «հանգիստ եղիր, մենք շուտով դուրս կգանք»։ 

Բայց Անգելինան համոզում է մորը և իմանում հոր ու եղբոր մասին։ Վերջիններս մարմնական տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Եղբոր ձայնը լսելուց հետո միայն շարունակել  են գաղթի ճանապարհը։ 

«Արթուրի հետ խոսել եմ, լսել ձայնը, անգամ այդ խորը այրվածքների ու ցավի միջից հույս էր տալիս, ասում էր լավ է լինելու։ Ես հավատում էի։ Հաջորդ օրը ուղղաթիռներով բերել են Երևան։ Ի տարբերություն Արթուրի, պապայի այրվածքներն ավելի թեթև էին։ Երբ գնացի հիվանդանոց, տեսա վիճակը, ուշաթափվեցի... այնուամենայնիվ, գիտեի, որ բուժման երկար ճանապարհ ենք անցնելու ու վստահ էի, որ պայքարն արդյունք է տալու»,- պատմում է քույրը։

Արթուրի մայրը՝ տիկին Քրիստինեն, մեծ դժվարությամբ է անցել գաղթի ճանապարհը։ Տուն են վարձել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հարևանությամբ, որ ամուսնուն ու որդուն մոտ լինի։

Համաձայնություն է տվել բժիշկների այն առաջարկին, որ որդու ձեռքը պիտի ամպուտացնեն։

Անգելինան ասում է, որ հոկտեմբերի 3-ի գիշերը, երբ հիվանդանոցից  զանգ են ստացել, մտածել են, թե վիրահատության համար են զանգահարում, բայց վատ լուր էր սպասվում. Արթուրի սիրտը չի դիմացել, կանգ է առել: Երջանիկ ընտանիքի պատմությունը գլխիվայր շուռ եկավ։ 

Քույրը չգիտի՝ ինչպես սփոփվի։ 

«Օգոստոսին բարեկամության շրջանում 2 հարսանիք էր։ Պապան դասավորեց, որ Արթուրն էլ մասնակցի։ Այնքան էր պարում, այնքան էր երգում։ Ասում էի՝ Արթուր հերիք է, մի քիչ հանգստացիր, ասում էր՝ չէ, ու շարունակում։ Գիշերը ուշ էր քնում, երբ գրում էի ուշ է, քնիր, ասում էր՝ մի օր բոլորս կքնենք հավերժ, որքան արթուն մնանք, այնքան երկար կապրենք»,-հիշում է Անգելինան։ 

Արթուրի մասին անցյալով չեն խոսում, նա միշտ ներկա է ընտանիքում։ Նրա հետ կապված հիշողությունները՝ երգը, ժպիտը ապրեցնում է ծնողներին, քրոջը և փոքր եղբորը, ով թեպետ չի մասնակցել եղբոր հուղարկավորությանը, բայց ամեն օր տալիս է նրա անունը։

«Արմանն ամենաշատն է կարոտում, դժվար է նրա համար, Արթուրի հետ շատ էր կապված։ Հիմա հոգեբանի մոտ է հաճախում...»։

Արթուրը և՛ ուրախ մարդ էր, և՛ ուրախացնող։ Ապրեց ընդամենը 18 տարի, բայց իր կարճ կյանքով լցրեց բոլորի կյանքը։

«Նա լուսավոր տղա էր ու այդպես լույս դարձավ»...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր