Կրեմլը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցի։
«Կարելի է ափսոսանք հայտնել, որովհետև նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման համար», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ «ՀԱՊԿ-ը դեռևս մնում է ակտուալ»։
Պեսկովը նաև նշել է, որ որոշ երկրների ղեկավարներ կարող են ունենալ նման որոշումներ կայացնելու իրենց հանգամանքները։
«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր հանգամանքները», - հավելել է նա:
Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: