Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հասցեին հնչեցրած խոսքերի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները երբևէ դատապարտվեն, ապա դա պատմական իրադարձություն կլինի։
Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետ Ղարիբաշվիլին ափսոսանք է հայտնել նախագահի խոսքերի համար և հույս հայտնել, որ այդ հայտարարությունը չի ազդի երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկայի վրա:
Դեսպան Չժոու Ցզյանի հետ հանդիպմանը Ղարիբաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանի նախագահի հայտարարությունը կտրականապես անթույլատրելի է և վրդովեցուցիչ: Նա նշել , որ նման հռետորաբանությունը հակասում է Վրաստանի կառավարության դիրքորոշմանը․ «Զուրաբիշվիլին առաջին անգամը չէ, որ գործունեություն է ծավալում սահմանադրության խախտմամբ և ի վնաս պետության շահերի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։