2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ նախատեսվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին տեղեկանում ենք «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծից, որը տեղադրված է e-draft.am հարթակում։
Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 2838 քաղաքացի, 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 98-ը` ավագ ենթասպայական կազմից, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններց՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Նույն ժամանակահատվածում վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից պետք է ներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ: