Րոպեներ առաջ Նուբարաշեն ՔԿՀ–ից դուրս եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորական մանդատից խոսել չի ցանկանում, իր համար կարևորն այն է, որ այս պահին ազատության մեջ է։ Նա իր դեմ հարուցված քրեական գործը որակեց շինծու։
Նշենք, որ նա երկու ամիս է՝ գտնվում էր կալանքի տակ։ Ազատ արձակումը տեղի ունեցավ իրավունքի ուժով՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու հանգամանքով պայմանավորված։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ից Երևանում անհնազանդության ակցիաներ էին, որի ընթացքում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարներին, այդ թվում՝ Լևոն Քոչարյանին, որից հետո վերջինս կալանավորվեց։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրդատ Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։
Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։
Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։