Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են կիրառվել, բայց՝ ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ, լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում՝ կառավարության մեկ որոշմամբ։
«Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը», - ասաց Ղազարյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է։
«Երևանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երևանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացվի, մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառվի», - հավելեց Արմեն Ղազարյանը։