Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։
Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:
Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։
Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս:
Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: