Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց: Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը։
«Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է, որ ԵՄ-ն մեծացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը պատրաստվելու համար:
ԵՄ-ից հիշեցնում են, որ այս ֆինանսավորումը գալիս է լրացնելու հանձնաժողովի արդեն հայտարարած 10,45 միլիոն եվրոն, ուստի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կգերազանցի 12 միլիոն եվրոն: