Եվրոպայի խորհուրդը միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո պատրաստում է միջոցառումների համապարփակ փաթեթ՝ կապված Հայաստան փախստականների հոսքի հետ:
Նշենք, որ այդ այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ից 13-ը։
Համապատասխան հաղորդագրության մեջ ասվում է. «Այս փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում 100,000 ղարաբաղահայերի, այդ թվում մոտ 30,000 երեխաների հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:
Իր այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Նա նաև այցելել է Արտաշատի քաղաքապետարանի երկու ապաստարաններ։
Նա մատնանշել է աջակցության կոնկրետ ոլորտներ, որոնք ներառված են Հայաստանի համար ԵԽ Գործողությունների ծրագրում (2023-2026) և Միգրացիայի ու ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-25), ներառյալ.
- Խոցելի իրավիճակներում փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների՝ իրենց իրավունքների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ:
- Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ հոգեբանական աջակցության հասանելիությունը հեշտացնելը.
- Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացում,
- Անդրադառնալով կրթական ներառականությանը և վերանայելով մասնագիտական ուսումնական ծրագրերը.
- Երեխաների իրավունքների պաշտպանություն,
- Տեղական իշխանությունների ճկունության բարձրացում:
«Այս նվիրված և նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։