00:00:00

Զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյանը նոր նախագիծ է ներկայացրել ծառայություն չանցածների համար

16:19, 29 հոկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

«Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.

1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․

2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․

3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․

4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․

5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․

6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․

7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք»։

Ըստ Հայկ Սարգսյանի՝ անկալվում է, որ օրենքի ընդուոնումով կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր