Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բաց նամակը Հայաստանում հավատարմագրված՝
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին
Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին
Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին
Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին
Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև Անաստասովին․
Մեծարգո տիկնայք և պարոնայք դեսպաններ,
Ձեզ եմ դիմում, որպես ժամանակին Ձեզանից շատերի հետ սերտորեն համագործակցող «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան, հասարակական կազմակերպության ղեկավար։ Արդյունավետ համագործակցել և իրավապաշտպանական ծրագրեր ենք իրականացրել, հատկապես ԵՄ-ի, ԵԽ ներկայացուցչության, ԱՄՆ և Չեխիայի դեսպանատների հետ։ 2010թ․ ԵՄ-ի կողմից հրավիրվեցի Հորդանան, այնտեղ ներկայացնելու մեր համատեղ ծրագրերը, որոնք ԵՄ-ն համարում էր ամենահաջողվածներից։ Մեկ առանձին ԵՄ ծրագրում, ընտրվել եմ որպես մարդու իրավունքների փորձագետ։
ԵՄ-ի պատվերով, ԵԽ-ի կողմից իրականացվող արևելյան գործընկերության անդամ երկրների դատական համակարգերի գնահատման փորձագետ եմ ընտրվել։ ԵՄ, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի շատ նախկին դեսպանների և դեսպանատների աշխատակիցների հետ ունեցել եմ փոխադարձ վստահության և անձնական ջերմ հարաբերություններ։ ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից Հայաստան այցելած բոլոր պատվիրակությունների հետ, հանդիպումների հրավեր էի ստանում ներկայացնելու իմ կարծիքը` Հայաստանի ժողովրդավարության, դատական համակարգի և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Այս ամենը տևեց մինչև 2019 թվականը։ 2019թ․ Հայաստան այցելած հերթական ԵՄ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անհանգստություն հայտնեցի, նոր իշխանության կողմից դատական համակարգի և Սահմանադրական Դատարանի (ՍԴ ) դեմ կատարվող հակասահմանադրական և հակաօրինական գործողությունների հետ կապված։ Եվ ի՞նչ․․․ Զարմանալիորեն, պատվիրակության ղեկավարն ինձ հակադարձեց, ասելով, որ իրենք վստահում են նոր իշխանությանը։ Ապշեցի, հարցնելով, ի՞նչ է նշանակում, թե վստահում եք, այսինքն, դուք կո՞ղմ եք անօրինական գործողություններին: Եվ դա եղավ իմ վերջին հանդիպումը` Հայաստան ժամանած, ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԽ պատվիրակությունների հետ։
ԵՄ նախկին դեսպան Անդրեա Վիկտորինին ճանաչել եմ, դեռևս Հայաստանում նրա Գերմանիայի դաշնության դեսպան եղած ժամանակներից։ Այն ժամանակ, նա հաճախ էր ինձ հրավիրում հանդիպման` զրուցելու Հայաստանում ժողովրդավարության մասին։ Նույն 2019թ․-ին, իմ խնդրանքով, հանդիպեցինք ԵՄ գրասենյակում։ Հանդիպմանը մանրամասն, փաստերով ներկայացրեցի, թե ինչ անօրինական միջոցներով են ջախջախում ինչպես դատական համակարգն, այնպես էլ ՍԴ-ն։
Դատական համակարգի ջախջախման, որպես օրինակներ բերեցի վարչապետ - Հատուկ քննչական կոմիտեի (ՀՔԾ) պետ - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ գաղտնազերծված հեռախոսազրույցները, դատարանների շրջափակումը։ ՍԴ-ի հարցում՝ հակասահմանադրական օրենքների ընդունումը, ՍԴ նախագահի և նրա մերձավորների հանդեպ քաղաքա - քրեական ճնշումները։ Եվ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արձագանքեց տիկին ԵՄ դեսպանը։ Նա ասաց, որ ՍԴ անդամներին, համաձայն սահմանադրությանը առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունն ու դատավորների միությունը։ Սրանով ավարտվեց մեր վերջին, շատ բովանդակալից խոսակցությունը։
Երկար սպասելուց հետո, որոշեցի այս բաց նամակով հայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահվածքի վերաբերյալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսվող՝ Հայաստանում մարդու իրավունքների հետևողականորեն խախտումները։
Որպես ուղեցույց, օգտագործենք Մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական կոնվենցիայի հոդվածները։
Հոդված 2. Կյանքի իրավունք
Հայաստանում, վերջին հինգ տարիներին վտանգված է կյանքի իրավունքը։
-2019թ․ Եղեգնաձոր քաղաքում, մարզպետի ներկայությամբ և հավանաբար հրահանգով, դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով չորս տարի մնալով կոմայի մեջ, մահացավ։ Իսկ այդ ամենի պատասխանատու մարզպետն այսօր իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր է։
-2022թ․ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հասարակական գործիչ և ընդդիմադիր ցույցերի ակտիվ մասնակից Արմեն Գրիգորյանը, ով ուներ լուրջ առողջական խնդիրներ։ Դատարանի դահլիճում, դատաքննության ժամանակ, Արմեն Գրիգորյանի սիրտը վատացավ և նա մահացավ տեսախցիկների առջև։ Որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
-2022թ․ Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին։ Վերջինս իր չծնված երեխայի հետ մահացավ։ Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
-2022թ․ Ապարանում, իշխանության կողմնակիցները, հրազենով սպանեցին երեք երիտասարդների։ Ոչ մեկը չենթարկվեց պատասխանատվության։
-2023թ․ զորամասում, անհայտ հանգամանքներում, հրդեհի զոհեր դարձան 15 զինծառայողներ։ Չհաշված, պատերազմի հազարավոր զոհերը, խաղաղ պայմաններում զոհերի թիվը հասնում է տարեկան շուրջ 100 զինծառայողների։ Եվ ինչպես վերը նշված, բոլոր դեպքերում, նույնպես որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։
Հոդված 3.Խոշտանգումների արգելում
Ի դեպ, այս հոդվածն այն բացառիկներից է, որ սահմանում է բացարձակ իրավունք։
Ստորև ներկայացնում եմ միայն այս՝ 2023թ․ արձանագրված դեպքերը։ Ի դեպ, Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ոստիկանության բաժիններում բռնության են ենթարկվել փաստաբանները։
-Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։
-Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես։ Ծեծի տեսանյութի տարածումից հետո միայն քննչական գործողություններ են իրականացվել Արսեն Ղայթմազյանի դեմ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։
-Հունիսի 17-ին իր տանը խուզարկություն իրականացնելուց հետո ոստիկանության աշխատակիցները ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանին տեղափոխել էին Քննչական կոմիտե և խոշտանգել։ Նրա հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ իրեն ենթարկել են ծեծի, էլեկտրահարել են թաց մարմինը, սպառնացել դուրս նետել պատուհանից, որից հետո ոստիկանները ստիպել են փոխել արյունոտված հագուստը՝ դեպքը կոծկելու համար։ Ըստ Տ․ Առաքելյանի՝ Ա․ Քյարամյանը անձամբ սպառնացել է ընտանիքին, ասելով, որ կնոջը և երեխային այլևս չի տեսնի, իր ընտանիքը վերացնելու են։ Քննչական կոմիտեն շտապեց հերքել տեղեկությունները, հայտնելով, որ Տ․ Առաքելյանը մեղադրվում է «շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավոր տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար», առանց նշելու, թե ում։
-Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել են ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին։
-Հունիսի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։ Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։
Հոդված 5.Ազատության և անձեռնմխելիության իրավունք
Սույն հոդվածը խախտվել և խախտվում է համատարած կերպով։ Հայաստանում ստեղծվեցին նոր, անօրինական դատարաններ, այսպես կոչված, «նախաքննական» և «հակակոռուպցիոն», որոնցում, դատավորներ նշանակվեցին, վարչապետին նվիրված, ձևական իրավաբանական կրթություն ստացած անձինք։ Հաշվի առնենք նաև այն փաստը, որ օրենքով Քննչական կոմիտեն կառավարությանը կից մարմին է, գտնվում է ուղիղ վարչապետի հսկողության տակ։ Գլխավոր դատախազը, վարչապետի նախկին խորհրդականն է, ով խորհրդական եղած ժամանակ, նույն վարչապետի ցուցումով ուղղորդում էր քննիչներին։ Եվ ահա, այդ մարմինները, վարչապետի հրահանգով քրեական գործեր են հորինում ընդդիմադիր գործիչների դեմ և նշանակված դատավորները տալիս են կալանքի որոշումներ։ Նման անօրինական ձերբակալությունների և կալանքների թվերը հասնում են հարյուրների։ Ձերբակալվում և կալանավորվում են, օրինակ՝ տեղական ընտրություններում իշխող ուժին հաղթած անձինք, ինչպես Վանաձորում, Վարդենիսում, Գորիսում։
Հոդված 6.Արդար դատավարության իրավունք
2018թ․ գաղտնազերծվեցին վարչապետ - ՀՔԾ պետ - ԱԱԾ պետ հեռախոսազրույցները, որոնցում վարչապետը հստակ ցուցումներ է տալիս՝ իր կողմից հրահանգված և հարուցված քրեական գործերով կալանքների մասին։
2019թ․ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն հաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի հրահանգը։ Կարճ ժամանակ անց կեղծ մեղադրանք առաջադրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին։
2022թ․ գաղտնազերծվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյան - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան զրույցը, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը պարզորոշ բացահայտում է քրեական գործերի հարուցումների հրահանգավորված լինելը։
Այնուհետև, ԲԴԽ նախագահ է նշանակվում Արդարադատության նախարար, իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը։ Նրա տեղակալ Գրիգոր Մինասյանը նշանակվում է Արդարադատության նախարար։ Նրանք շարունակում են սերտորեն համագործակցել, կատարելով վարչապետի ցուցումները։ Արդարադատության նախարարը, չենթարկվող դատավորների դեմ կարգապահական գործեր է հարուցում ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն դադարեցնում է դատավորների լիազորությունները։
2018թ․ սկսած հարյուրավոր քրեական մեղադրանքներ են առաջադրվել ընդդիմադիր գործիչներին, նրանցից շատերը ամիսներ են անցկացրել կալանքների տակ, անցել են բոլոր ողջամիտ ժամկետները և չկա որևէ դատարանի վճիռ։
Այսօր էլ, ավելի քան հիսուն քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանի բանտերում։
Հոդված 7 Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա
Հայաստանում ընդունվեցին օրենքներ, որոնք հակասում են միջազգային օրենքներին, ինչպես ծանր վիրավորանքը, որով դատվեցին բազմաթիվ ընդդիմադիրներ։ 2022թ․ ընդունվեց փոփոխություն, խաղաղ հավաքների օրենքում, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այդ փոխված օրենքով կալանավորվեց ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը։
Հոդված 8 Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Բազմիցս են եղել դեպքեր, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, առանց դատարանի որոշումների, ներխուժել են քաղաքացիների բնակարաններ։ Իշխանությանն անցանկալի պաշտոնյաներին ճնշելու նպատակով քրեական մեղադրանքներ են առաջադրվում նրանց հարազատներին, օրինակ՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հարազատների, ինչպես նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջ դեմ։
Հոդված 10 Արտահայտվելու ազատություն
2018 - 2023թթ․ բազմաթիվ դեպքեր են եղել լրագրողների դեմ, ինչպես ոստիկանության, այնպես էլ իշխող ՔՊ կուսակցության անդամների կողմից ճնշումների և բռնությունների։ Այդ բազմաթիվ դեպքերով, ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին և գործիչներին կալանավորում են սոցիալական ցանցերում արված արտահայտությունների համար։
Հոդված 11 Հավաքների և միավորման ազատություն
Վերջին տարիներին, կարելի է ասել, որ հավաքների ազատության իրավունքը բացարձակ ձևով խախտվում է Հայաստանում։ Խաղաղ հավաքների ժամանակ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, հաճախ առանց անձնական տարբերանշանների, անհիմն ուժ և բռնություններ են կիրառում հավաքների մասնակիցների նկատմամբ։ 2021-2023 թթ․ տեղի ունեցած հավաքների մասնակիցներին տեսախցիկների առջև ոստիկանների կողմից խմբակային ծեծի ենթարկելու տասնյակից ավելի դեպքեր են արձանագրվել։ Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ ձերբակալվում են, նրանցից շատերը կալանավորվում։ Գործերը որպես կանոն, հարուցվում են բացառապես ոստիկանների ցուցմունքներով։
Հոդված 13 Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
Այս իրավունքը, Հայաստանի գործող դատաիրավական համակարգի պայմաններում, բացարձակապես չի կարող գործել։
Հոդված 14 Խտրականության արգելում
Հայաստանում գործում է իտալացի ֆաշիստ Բենիտո Մուսոլինիի սկզբունքը․ «Մեր ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»։
Վերը փաստեր բերեցի իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունների և նրանց անպատժելիության մասին։
Սահմանափակվենք այսքանով և այլ օրինակներ չբերենք Հայաստանում աննախադեպ չափերի հասած կոռուպցիայի մասին։
Արդ, ո՞րն է պատճառը, որ, ի տարբերություն մինչ 2018թ․-ի, այլևս Դուք չեք նկատում և քննադատում մարդու իրավունքների համատարած խախտումները։
Իհարկե, ես այդքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Դուք ինքնուրույն չեք, այլ ներկայացնում եք Ձեզ ներկայացնող երկրների և միությունների շահերը։ Եվ, բնականաբար, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր համընկնում են Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետ, այդ թվում՝ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին հանձնելը։Այդ մասին է վկայում, 2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, Հայաստանի վարչապետի կողմից, Արցախից հրաժարման և հայ ժողովրդի շահերի դավաճանմանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ձեր երկրների ղեկավարների ուրախ արձագանքն ու խրախուսանքը։ Եվ այդ է պատճառը, որ չնայած Հայաստանում ահագնացող մարդու իրավունքների խախտումներին, Դուք ոչ միայն այդ ամենը չեք նկատում, այլև սերտորեն համագործակցում եք Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ։ ԱՄՆ, ԵՄ, Չեխիայի, Շվեդիայի դեսպանները հանդիպումներ են ունենում ՆԳՆ սադիստական հակումներ ունեցող նախարարի հետ և քննարկում հետագա համագործակցության հարցեր։ Այսինքն՝ Դուք պատրաստ եք ֆինանսավորել և համագործակցել ՆԳՆ-ի հետ ապագա խոշտանգումների, բռնությունների, խաղաղ ցուցարարների նկատմաբ ծեծի բնագավառում։ Ավելին, Ձեզանից շատերը նմանատիպ հանդիպումներ և հետագա համագործակցության հարցեր են քննարկում, դատարանների ջախջախման հեղինակներ՝ արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի հետ։
Ինչպես նշեցի, ես հասկանում եմ, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը։ Բայց, ներեցեք․․․ այդ աստիճա՞նի, որ հրաժարվում եք, Ձեր իսկ հռչակած արժեքներից՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ։ Փաստորեն, Դուք և Ձեզ ներկայացնող երկրների ղեկավարներն ընդամենը ձևացնում եք, հռչակելով այդ արժեքները, քանի որ նույնիսկ մեղմորեն չեք քննադատում բռնապետական հակումներ ունեցող Հայաստանի վարչապետին։ Ավելին, նրա հետ ամեն հանդիպման ընթացքում Դուք նրա առջև խոնարհվում եք և ժպտալով խոստանում ավելի շատ ֆինանսական և բարոյական աջակցության ցուցաբերում։
Ձեր երկրների պատգամավոր-ներկայացուցիչները վերջերս Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, հոտընկայս ծափահարեցին անվերջ «ժողովրդավարություն» բառը կրկնող Հայաստանի բռնապետ - վարչապետին։ Այո՛, ժողովրդավարություն է, երբ բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու դեմքին։Ժողովրդավարություն է, երբ քարոզարշավի ընթացքում, վարչապետը մուրճով սպառնում է ընդդիմադիրներին կամ խոստանում, ասֆալտ ուտեցնել։ Բոլոր ծափահարողները հիանալի գիտակցում են, որ վարչապետը հեռու է ժողովրդավարական արժեքներից, բայց․․․ ցինիկաբար հռհռում են հայ ժողովրդի վրա։ Ահա և Ձեզ արևմտյան արժեքներ։ Եվ հենց Դուք և Ձեր իշխանություններն են վարկաբեկում այդ արժեքները, ինչպես միջնադարում, քրիստոնեական արժեքների անվան տակ, զբաղվում էիք ինկվիզիցիայով, վհուկների որսով, խաչակրաց արշավանքներով,գաղութատիրությամբ։
Ձեր կողմից միակ հակադարձումը, կարող է լինել, այն հարցը, թե այդ դեպքում, մենք՝ հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման իշխանությանը և ինչու՞ 2021թ․ նորից ընտրեց նրան։ Նախ, 2021թ․ ընտրությունների մասին։ Իսկ Ձեզ հայտնի՞ է, արդյոք, որևէ ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ ընտրություններով փոխվում է իշխանությունը, գուցե Ձեր մերձավոր գործընկեր Ադրբեջա՞նը։ Նույն Ձեր շահերից ելնելով, 2021թ․ ընտրությունների ժամանակ, Դուք և Ձեր դիտորդները «չնկատեցիք» ահռելի վարչական ռեսուրսը, քրեական հետապնդումները, զինվորականների ուղղորդված քվեարկությունը և այդ ֆարսը համարեցիք «արդար և ազատ»։ Այնուամենայնիվ, այս հարցում, Ձեզ հետ համաձայն եմ։ Նման ղեկավար ունենալ և շարունակել նրան հանդուրժել, առաջին հերթին մեր՝ հայ ժողովրդի ամոթն է և պետք չէ մեղադրել այլ երկրների։
Վերջացնելով բաց նամակը, արձանագրենք, որ Դուք, Ձեր պահվածքով վերջնականապես վարկաբեկում եք ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, կոչվող արևմտյան արժեքները և այլևս ինչ իշխանություն էլ գա Հայաստանում, Դուք իրավունք չեք ունենալու նրանց քննադատել և նրանցից ժողովրդավարություն պահանջել։
Առանց պատասխանի ակնկալիքի, հարգանքներով՝
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան
Հ․Գ․Սույն բաց նամակն, անգլերեն թարգմանությամբ, ուղարկվել է բոլոր հասցեատեր-դեսպաններին։
Ստորև ներկայացված են նամակում նշված դեպքերը՝
https://armhels.com/wp-content/uploads/2019/03/Ditord-2019arm_Ditord-2019arm-2.pdf
https://armhels.com/wp-content/uploads/2020/02/Ditord-2020arm_Ditord-2019arm-5.pdf
https://armhels.com/wp-content/uploads/2021/03/Ditord-2020-Arm.pdf
https://armhels.com/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4-2022.pdf
https://armhels.com/wp-content/uploads/2022/02/Ditord-2021_arm.jpg