Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» խորհրդից պարզաբանում են տարածել:
Պարզաբանման մեջ ասվում է. «Մի խումբ դատավորների կողմից մշակվել և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել դատավորների ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ նախագիծ՝ որն ուղղված է դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը և դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը։
Հատկանշական է, որ նախագիծը դեռևս գտնվում է ամենավաղ նախնական քննարկումների, առաջարկների, դիտարկումների և վերամշակման փուլում:
Դատական դեպարտամենտի, դատավորիների և ԲԴԽ անդամների կողմից քննարկումների ավարտից, նախագծի վերաբերյալ առաջարկությունների, դիտարկումերի հավաքագրումից և դրանցից ընդունելիներն իրացնելուց հետո՝ այն կստանա արդեն վերջնական, մշակված տեսք, որից հետո արդեն ԲԴԽ-ի կողմից կքննարկվի այն ընդունելու հարցը:
Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ ստորև ձեզ ենք ներկայացնում դատավորների շրջանում շրջանառված նախագիծն այս պահի լրամշակմամբ, որտեղ բացակայում են մի քանի լրագրողներին չափազանց անհանգստացրած՝ սափրվելու սուր թեման»։