Ես ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակներով, ցավում եմ, որ մեր երիտասարդությունն այս մտայնությանն է՝ դիմելով Կանադայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ցույց անող երիտասարդներին ասել է դեսպան Անահիտ Հարությունյանը։
Միջադեպը տեղի է ունեցել Կանադայում «Հայաստան» հիմնադրամի կողմից արցախցիների համար կազմակերպված դրամահավաքից առաջ: ՀՅԴ-ական երիտասարդները Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանին փորձել են թույլ չտալ մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին:
«Եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինենք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք մեր Հայաստանի բանակի շարքերը և պաշտպանեք», - նշել է Կանադայում ՀՀ դեսպանը, ապա, պատասխանելով դիտարկմանը՝ արդյոք հիմա երիտասարդները բանակից են փախչում, հավելել, - «Դուք Հայաստանի Հանրապետությունից եք փախչում։ Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ, որ ՀՀ դեսպանը ներս մտնի։ Գնացեք Հայաստան, դարձեք մեր մի մասնիկը, քվեարկեք, և թող լինի օրինական ընտրված իշխանութուն»։
Դեսպանի խոսքով՝ արցախահայությունն այսօր մեր կարիքն ունի, մենք պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել:
«Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին»,- ասել է Կանադայում ՀՀ դեսպանը: