Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ ահազանգում են՝ պետության կողմից փոխանցվող միանվագ աջակցության շահառու չեն ճանաչվել։ «Սեպտեմբերի 28-ին ենք եկել երեխաների հետ, տվյալները մուտքագրում ենք, գրվում է, որ շահառու չենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված ընտանիքի մայրը, ով նախընտրեց չներկայանալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մերժումները տարբեր պատճառներով են։ «Օրինակ, երբ քարտի ժամկետն է լրացած լինում, կամ տվյալները ոչ լիարժեք է ներկայացրած լինում։ Լինում է, որ քաղաքացին առաջնային կարիքի հաշվառումը շփոթում է, կարծելով, թե անցել է միգրացիայի կողմից հաշվառում», - ասաց նա։
Մանուչարյանն այն քաղաքացիներին, որոնք բոլոր պայմաններին համապատասխանում են, բայց երեկ հրապարակած հարթակում իրենց տվյալները լրացնելով պարզում են՝ շահառու չեն, հորդորեց մեկ, երկու օրվա ընթացքում նորից փորձել։ «Մեր կողմից էլ տեղեկատվական շտեմարանում իրականացվում են տվյալների համադրում ու նաև ստուգում։ Հնարավոր է՝ կարգավիճակի փոփոխություն լինի։ Այսինքն՝ խնդրում ենք երկրորդ անգամ դիմում չներկայացնել, այդ հարթակի միջոցով ստուգել կարգավիճակի փոփոխությունը՝ հետևելու համար»,-ասաց նա։
Նշենք, որ ավելի քան 100 հազար տեղահանվածներից 26 հազար 963-ը անչափահաս են, որոնց համար է միայն դիմում ներկայացնելու պահանջ դրված։
Զառա Մանուչարյանը նշեց, որ այս պահին բազայում մերժված դիմումների թիվը շուրջ 30-ն է. «Բայց այս թիվը փոփոխման ենթակա է, քանի որ մեծ քանակությամբ դիմումներ մշակման փուլում են, այսինքն՝ իրենք դեռևս հստակ կարգավիճակ չունեն և այս թիվը չի ներկայացնում ռեալ պատկեր»։
Նշենք, որ միայն հոկտեմբերի 9-ին մերժված դիմումների թիվը 306 էր, որն այսօրվա դրությամբ դարձել է 30։