00:00:00

Հայկ Մարությանը արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի եւ «Հանրային ձայնի» պահանջներին

20:36, 27 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Այս պահին իշխանությունն ունի Երեւանի ավագանու 65 տեղից 24 մանդատ. մենք առաջարկել ենք ընդդիմադիր ուժերին հանդես գալ մեկ ճակատով, ընտրել մեկ ընդդիմադիր թեկնածու՝ զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:  Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկել էր ընդդիմադիր միասնական թեկնածու ռաջադրել իրեն, սակայն որեւէ կոալիցիա չկազմել, քանի որ քաղաքական ուժերն ունեն անհաղթահարելի տարաձայնություններ տարբեր հարցերում:   Մարությանի խոսքով, այս ընթացքում իրենց առաջարկին արձագանքել են երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան դաշինքը եւ «Հանրային ձայն» կուսակցությունը:

 ««Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են ՔՊ-ին եւ փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի նրանք ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին: Անգամ, եթե «Հանրապետությունը» միանա ՔՊ-ին, իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»,-ասաց նա:  

Մարությանը հիշեցրեց, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության: «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու:

 «Հանրային ձայնը» հայտարարել է, որ համաձայն է մեր առաջարկին, բայց մի պայմանով, որ վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ դեմ բան չունենք դրան, միակ բանը, որ մեզ խանգարում է, այն է, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ, որի մասին պետք է մեկ ամիս առաջ հայտարարի քաղաքապետարանը: Այսինքն մենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որեւէ քաղաքական ուժի: Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք եւ ես մեծ հաճույքով կնշանակեմ նրան:

Եվ թող իր ստուգումները սկսի հենց ինձանից:  Դրա հետ կապված մեր մասնագետները շատ լավ լուծում են գտել. Կարող ենք ստեղծել ավագանու ժամանակավոր քննող հանձնաժողով: Այսինքն ձեր խմբակցությունը կարող է հանդես գալ այդ պահանջով, մեր խմբակցությունը դա կհաստատի, կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցությունից, դուք կնշեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել: Ինչ ուզենք ստուգել, կարող եք այդ հանձնաժողովի օգնությամբ ստուգել:

Կարող եմ խոստանալ, որ հատուկ ուշադրություն դարձվի այս հանձնաժողովին: Սա լավագույն ձեւն է իրականացնելու վերահսկողություն:  Այսինքն փաստացի այն ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ձայները տալ մեկ ընդդիամդիր թեկնածուին, զրկել իշխանությանը քաղաքապետի պաշտոնից, եւ ունենալ քաղաքային իշխանություն»,-հայտարարեց Հայկ Մարությանը՝ կրկին հիշեցնելով, որ խոսքը կոալիցիաների մասին չէ, այլ համագործակցության:  «Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի այս համագործակցությունը, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, մենք կարող ենք գնալ նոր ընտրությունների, դրա համար պետք է ընդամենը այս երեք խմբակցությունները 3 անգամ չապահովեն քվորում ավագանու նիստին»,-ասաց Մարությանը եւ կոչ արեց ուշադիր լինել քաղաքական ուժերի գործողություններին, այլ ոչ նրանց հայտարարություններին:

 Նա հայտարարեց, որ իրենց խմբակցության նիստ են արել եւ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ նշել են, որ հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում ընտրելու են քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածու Հայկ Մարությանին. «Կամ եթե որոշում կայացվի, որ գնում ենք նոր ընտրությունների, ապա չենք գնալու նիստին, որ քվորում չլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր