00:00:00

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը․ հայտնի է՝ ինչ են կողմերը քննարկել

19:12, 26 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի հրապարական հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Նախագահ Միշելի բարձր հովանու ներքո նրա դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն հյուրընկալել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականներ Էմանուել Բոննը և Յենս Պլոետները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նախագահ Միշելը միացել է հանդիպման մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար:

ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է կարծիքներ փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության հրատապ կարիքների լուծմանն ուղղված տարբեր ջանքերի վերաբերյալ:

Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: ԵՄ-ն այս համատեքստում կրկնել է իր դիրքորոշումն անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ։

Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն և անվտանգություն ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։ ԵՄ-ն ընդգծել է թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը միջազգային հումանիտար և մարդու իրավունքների դերակատարների համար, ինչպես նաև ավելի մանրամասն Բաքվի տեսլականը Ադրբեջանում ղարաբաղցի հայերի ապագայի վերաբերյալ: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայերին:

Հանդիպումը նաև թույլ է տվել մասնակիցների միջև ինտենսիվ մտքեր փոխանակել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ԵՀԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարևորության վերաբերյալ:

Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ շահագրգռվածությունը՝ օգտվելու Գրանադայում հնարավոր հանդիպումից՝ շարունակելու կարգավորման իրենց ջանքերը։

Այս առումով Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիայի, անվտանգության, կապի, հումանիտար հարցերի և ավելի լայն խաղաղության պայմանագրի հարցերը։

Նորմալացման գործընթացի բոլոր ուղություններում անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ:

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն կրկնելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` համաձայն Պրահայում և Բրյուսելում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր