00:00:00

Այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա. Նիկոլ Փաշինյան

18:54, 21 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Գնացել է տեղեկատվություն, իբր Հայաստանը արգելել է կամ փակել է, որ ԼՂ-ից քաղաքացիները, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին:

«Նախ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ողջ ընթացքում եւ այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել եւ շարունակում են փակ չլինել: Այսինքն այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ. դեռ այս շաբաթվա մեկնարկին  ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել:

Ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ եւ այլն: Հյուրանոցների համարներ ենք, ընդհուպ, ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար: Սա արվել է այս շաբաթվա սկզբին»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ իր նախորդ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել է, որ ԼՂ-ն էթնիկ զտումների է փորձում ենթարկել. «Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների Ադրբեջանի պլանն իրականացնել, այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որեւէթ առիթ չունենա: Ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի հանրությունը, ԼՂ-ի հայությունը իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա եւ դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Բայց մյուս կողմից ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն զեկուցել է, որ Հայաստանում շուրջ 40 հազար ընտանիք տեղավորելու նախապատրաստական աշխատանքներ ենք տարել. «Մենք սրա մասին չենք ուզում ասել, որովհետեւ մենք կարծում ենք, որ ԼՂ-ի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա:

Նա հավելեց, որ այս պահին ԼՂ-ում ռուսական խաղաղապահների կենտրոնակայանում կան 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում. «Իհարկե, մենք էլ համապատասխան միջոցներ պատրաստ ենք ձեռնարկել: Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը: մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում: Մենք տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետեւ հնարավոր է՝ տեղափոխվեք Հայաստան: Նրանց տեսանկարահանել են, որից հետո ասել են Հայաստանը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԼՂ-ի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը. «Չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով: Սա շատ կարեւոր նրբություն է:

Հիմա ինչ էտեղի ունենալու ԼՂ-ում եւ ինչպիսի տեսական հնարավորություն կա, որ ԼՂ-ի ժողովուրդը իրենց տներում կկարողանան արժանապատիվ, անվտանգ ապրել: Ռուսական խաղաղապահները շարունակում են գտնվել ԼՂ-ում եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը նրանց անմիջական պարտականությունն է:

Երկրորդ, դուք գիտեք, որ այսօր Եվլախում տեղի է ունեցել ԼՂ ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումները պարբերաբար իրականացնել: ԼՂ գործընկերները առյժմ հանդիպման հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն տարածել, բայց Ադրբեջանն առնվազն իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձում է  տպավորություն ստեղծել, որ դրական հունով են ընթանում գործընթացները: Իհարկե, սա կարող է կապ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ այսօր կայանալիք նիստի հետ, որտեղ քննարկվելու է ԼՂ-ի իրվիճակը: Գիտեք, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է, ներկայացնելու է մեր դիրքորոշումները:

Կարծում եմ՝ այն շատ մեծ  միջազգային ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է ԼՂ-ի վրա եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու միջազգային տրենդը նաեւ հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ապահովել ԼՂ մեր հայրենակիցների խաղաղ, արժանապատիվ եւ անվտանգ կյանքը իրենց տներում»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ինքը ասել է, որ էվակուացիան այս իրավիճակի մեր պլան Ա-ն պետք է չլինի եւ նաեւ պլան Բ-ն պետք է չլինի. «Բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն: Մեր գնահատականն այն է, որ ուղի վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում: Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տները: Բայց պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի: Մյուս կողմից Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել Ադրբեջանի կողմից, Հայաստանի կողմից մուտք ու ելքը դեպի Լաչինի միջանցք երբեք փակ չի եղել:

Կարծում եմ՝ շատ թափանցիկ է եւ բոլորը տեսնում են, թե ովքեր, որտեղից եւ ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել: Դեռեւս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների, բռնության կոչերի, նաեւ սահմանադրական կարգը բռնի տապալելու հոդվածներով, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների: Այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված ու կալանավորված անձինք կան: ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է:

Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետւմը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն:  Հիշում եք, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում ընդամենը 7-8 օր առաջ կամ 10 օր առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր